Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/21

Այս էջը սրբագրված է

Կերբերոս — Եվ սակայն Դիոգինես յուր համեստ կարասիքովն՝ որ մախաղե, գավազանե և երկար մորուքե մը կը բաղկանար՝ հաստատամտությամբ կընթանար դեպի այն, զոր առաջադրած էր։

Ծիծաղ — Համե՞ստ կարասիք... այդ կարասիքն շատ իսկ էր անոր տան համար, և Դիոգինես շռայլությամբ վարված է այս կետին մեջ։ Ես բնավ կարասիք չունիմ, Կերբերե, ոչ ալ հողակերտ տուն, որպես Դիոգինես։

Կերբերոս — Տո՞ւն կանվանես կարասն։

Ծիծաղ — Այո՛, թեև անշարժ ստացվածք մը չէ, սակայն բնակարան մէ վերջապես, ուր մեկն կարող է ոտներն երկնցնել և պառկիլ ազատությամբ։ Ա՜հ, Դիոգինես երջանիկ էր, և յուր ակռաներով փրցուցած միսով կը կշտանար։

Կերբերոս — Ի՞նչպես ուրեմն կապրին ընկերներդ։

Ծիծաղ — Երկու ոտքի վրա քալելով անոր ասոր ձեռքը կը համբուրեն, կը քծնին, խեղկատակություններ կընեն, խոհանոցի պնակներն կը չափչզեն և շատ անգամ կատաղաբար կը հարձակին գառնուկներու, տատրակներու, աղավնիներու և մրջյուններու վրա։

Կերբերոս — Դուն ալ ուրեմն շրջահայեցությամբ վարվե՛։

Ծիծաղ — Կը սխալիք, ապրելու համար պետք է, որ անշրջահայեցությամբ գործեմ. վասնզի՝ եթե շուրջս նայիմ չպիտի տեսնեմ ոչինչ, որ ծաղրելի չլինի. գլուխեն մինչև ոտք կեղծավորություն, ոտքեն մինչև գլուխ շողոքորթություն, գլուխեն մինչև ոտք փառասիրություն, ոտքեն մինչև գլուխ անմահանալու փափագ, գլուխեն...

Կերբերոս — Կավ, կավ, կավ, կավ, կավ...

Ծիծաղ — Ինչո՞ւ ընդհատեցիր խոսքս։

Կերբերոս — Անմահանալու փափագ... անմահանալու փափա՜ա՜ագ... իբրև պահապան դժոխոց պաշտոնապես կը բողոքեմ այդ անմահանալու փափագին դեմ։ Այս փափագն պարզապես իմ շահուս կը դպչի։ Եթե ամենքը, ինչպես կըսես, անմահանալ կուզեն, ո՞վ պիտի մեռնի ուրեմն և դժոխք պիտի իջնա, և ես որո՞ւ համար դժոխոց դռան առջև պիտի սպասեմ։ Փակենք ուրեմն Սանդարամետի դռներն և անոր բնակիչներն ալ հոս փոխադրենք։