Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/220

Այս էջը սրբագրված է

— Բարեկամ, ինչո՞ւ կը մուրաս։

— Կը մուրամ անոր համար, որ անոթի չմնամ։

— Ինչո՞ւ չես աշխատիր։

— Չեմ աշխատիր, և ի՞նչ է ըրածս։

— Ուրիշ գործ մը չե՞ս կրնար ընել։

— Ահ, ես ալ ունեի շահավոր գործ մը, բայց...

— Ի՞նչ բայց... պատմե, մտիկ ընենք։

— Կնիկ մը առի։ Հետը սիրով էի։ Նա կը սիրեր զիս, ես կը պաշտեի զինքն։ Ուրիշ երիտասարդ մը կը հրապուրվի կնկանս աչերեն և քաղաքավար խոսքերեն. կը խենթենա կնկանս համար։ Գործը կիմանամ և կիմացնեմ երիտասարդին, որ տունս չգա։ Երիտասարդն օրին մեկն ինքզինքն կսպաննե ատրճանակավ։

— Ով խեղճություն։

— Քանի մը զգայուն երիտասարդներ, որ բանաստեղծ են և շատ ոտանավորներ կը գրեն, օր մը կը տեսնեն զիս և կսկսին վրաս հարձակիլ։ «Անպիտան, կըսե մին, դուն ես պատճառ մահվան այդ երիտասարդին»։ «Ավանակ, կը պոռա ընկերն, ինչո՞ւ տանդ մուտքն արգիլեցիր այն երիտասարդին և հարկադրեցիր զինքն, որ անձնասպանության դիմե. ինչո՞ւ թող չտվիր, որ սիրե քիչ մը կնիկդ. բնավ զգացմունք չունեի՞ր դուն, սիրո վրա բնավ գաղափար չունեի՞ր, ահ, քեզի պես գազանե մը վրեժ լուծելու համար զքեզ բզիկ-բզիկ ընելու է, անկիրթ, կոշտ ճաշակե և փափուկ զգացումներե զուրկ ես դու։ Ինչո՞ւ այնքան աղվոր ալերով կին մառիր և ուրիշի մահվան պատճառ եղար»։ Այս հանդիմանություններեն ետքը՝ ասոնք, որ մեռնողին բարեկամներն են եղեր՝ սկսան զիս ծեծել։ Պոռացի, կանչեցի, բազմությունն խռնեցավ։ Ազատեցին զիս անոնց ձեռքեն։ Պատմեցի գործն, ինձի անիրավ վճռեցին և իրավունքն զիս գանակոծողներուն տվին։ Այն օրն իմ ալ խղճմտանքիս դպավ և ապագային մեջ ուրիշներուն ալ մահ չպատճառելու համար բաժնվեցա կնիկես, որ չգիտեմ ի՛նչ կընե և ո՛ւր է հիմա։ Գործս ձգեցի, խենթի պես եղա և վերջապես ամեն բանե զզվելով որոշեցի խեղճության և թշվառության մեջ փնտրել խղճիս հանդարտությունն, դժոխքի մեջ վայելել արքայությունն։