Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/227

Այս էջը սրբագրված է

սերունդներն, թե ինչ է եղեր յուր նախահայրերուն վիճակն անցելույն մեջ։

— Սակայն միշտ միևնույն զեղծումներու դեմ կը հաչես։

— Որովհետև միևնույն զեղծումներն են, որ կը կրկնվին միշտ և ամեն զեղծումներուն դեմ հաչելն ներելի չէ։

— Լրագրությունն ի՞նչ կացության մեջ է։

— Լրագրություն չկա, որ կացություն ըլլա։ Լրագրությունն, որ կենդանիներուն պիտի առաջնորդեր՝ անոնցմե կառաջնորդվի, որպեսզի յուր շահերն չվտանգվին։ Ահա քեզի լրագիր մը, որուն անունն է Սկոտոս Կը տեսնես շուրջը գիժ քաշեր է։

— Այո՛, ի՞նչ կը նշանակե այդ գիժը:

— Որպեսզի Արդարությունն և Արդարութենե բռնվողներն անկե ներս չմտնեն։

— Ես գիտեի, որ քոլերայի համար միայն շղթա կը հաստատեն։

— Արդարության համար ալ կընեն, և այն հոդվածներն, որ Արդարութենե ճամբա ելած են կամ քառասուն օր մաքսատունն մնալու են, որ սրբագրվին և ներս մտնեն կամ ստակ տալու են, որ կարենան այդ լրագրին մեջ մտնելու։ Կը տեսնե՛ք, որքան նախազգուշություններ ձեռք կառնվին առաջքն առնելու համար... Արդարության ծավալման...

— Այս մասին իրավ որ դժոխքն արքայություն է։ Հեղինակներ ունի՞ք գոնե։

— Ի՞նչ ըսեմ, բարեկամ, օտարներն շատ հառաջ գնացած են և կերթան շարունակ և չեն սպասեր մեզի, որ իրենց հասնինք։ Ցավալի, բայց ճշմարտություն մէ խոստովանիլն, թե ստեղծող հանճարներ կը պակսին մեզ դեռ, մեր հեղինակներուն մեկ մասը օտարին ապրանքն կը վաճառե պզտիկ հանձնարարությամբ։ Մեկ մասն զուրկ ստեղծելու օժիտե՝ փայլուն գոյականներով և հրապուրիչ ածականներով կը զարդարե իր լեզուն անզգալի ընելու համար պակասն այն հոգվույն, որ գրություններն կը կենդանացնե։ Մեկ մասն ալ օտար հեղինակներու հանճարին ծնունդին տակ յուր ստորագրությունը կը դնե։ Քիչերն են որ իրենց մտքին պտուղն համեղ կամ անհամ, տհաս կամ հասուն, անուշ կամ կծու, հրապարակ կը