Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/287

Այս էջը սրբագրված է

բողոքանաց նշաններ կը նշմարվին երկրորդ կուսակցության անդամոց վրա այն ատենախոսության համար, զոր դեռ չեն լսած։ Իսկ երրորդ կուսակցությունն այս իրարու հակառակ հայտնությանց առջև երկու կուսակցությանց վրա նախատական ակնարկ մը կը նետե։ Չորրորդին գալովն ատենապետին կը նայի շարունակ, հասկցնել ուզելով, թե ինչո՛ւ ի կարգ չհրավիրեր այս երեք կուսակցությունները։

Իսկ երբ ատենաբանն խոսիլ սկսի՝ յուր կուսակցության վերաբերող անդամներն հետզհետե կսկսին հավանություն հայտնել.

— Իրեն համակարծիք եմ։

— Սքանչելի կերպով կը պարզե խնդիրը։

— Յուր ըսածները կը կրկնեմ:

— Մեծ հմտությամբ և պերճախոսությամբ լույս կը սփռե խնդրույն վրա։

— Կեցցե՛։

— Քվեի դրվի ևընդունվի առանց վիճաբանության։ Ազգին շահերն այսպես կը պահանջեն։

Ասոնց կը պատասխանեն երկրորդ կուսակցության ընդմիջումները:

— Բնավ համակարծիք չեմ։

— Խնդիրն կը խեղաթյուրե։

— Յուր ըսածները մի առ մի պիտի հերքեմ։

— Խնդրույն վրա տեղեկություն չունի։

— Ազդային շահերը հակառակը կը պահանջեն։

Երրորդ կուսակցութիւնն, որու պաշտոնն քիչ մը դժվար է, ըստ որում երկու կուսակցության ալ հակակարծիք է, կսկսի գործել, նախ առաջին կուսակցության ուղղելով խոսքն և ապա երկրորդին։

— (Առաջնույն) Քեզի համակարծիք չեմ։

— (Երկրորդին) Քեզի ալ միշտ հակակարծիք եմ։

— Առաջնույն) Սքանչելի կերպով չես պարզեր խնդիրը։

— (Երկրորդին) Խնդիրը չխեղաթյուրեր։

— (Առաջնույն) Ըսածներդ չեմ կրկներ։

— (Երկրորդին) Ձեր հերքումն ալ կը հերքեմ։

— (Առաջնույն) Ատենաբանությունդ մտիկ չըլլվիր: