Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/29

Այս էջը սրբագրված է

Եզն — Կը կրկնեմ, քվե...


Ձայներ — Քվե, քվե, քվե...


Ատենապետ — Քանի որ ամեն կողմե քվե կ՝աղաղակեն, կստիպվիմ ժողովույն կամաց հնազանդիլ և խնդիրն քվեի դնել սա բանաձևով. «Նկատելով, որ մրջյուններն առանց զգալու իրենց տկարությունն և ուրիշներուն հասնելու բարի նախանձով անանկ պահանջումներ կընեն, որ ծաղր շարժելեն ուրիշ բանի չեն ծառայեր, ժողովս կորոշե մրջյուններուն սույն առաջարկությանը վրա երկու շաբաթ խնդալ»։


Փիղ — Պայմանաժամը քիչ է, երկու տարի խնդալ։


Մեղու — Տասը տարի ծիծաղիլ։


Եզն — Հարյուր տարի խնդալ։


Ատենապետ — Այս առաջարկությունները քվեի կը դնեմ։


Խնդիրն քվեի դրվելով մեծամասնությամբ կորոշվի հիսուն տարի խնդալ։ Պատգամավորներն կը մեկնին տխուր և կուգան մրջյուններուն ավետել, որ այս ձեռնարկութենե բան մը չկորուսին, նամանավանդ մեծ շահ մը ըրին մրջյուններն մեծ կենդանիներուն ճանչցնելով։ Մրջյուններուն գլխավորն սկսավ հորդորել յուր ժողովուրդն, որ այսուհետև փափագի այն բանին միայն, որուն հասնելու կարողություն ունի։


Բարոյական Ա — Փղի պես ապրիլ փափագող մրջյունն՝ փղի ուժն ունենալու է։


Բարոյական Բ — Այն աննշան ազգերն, որ կը ցավին պատմության մեջ իրենց աննշան էշ մը տրված լինելուն վրա, համոզվելու են միանգամ ընդ միշտ, թե պատմության մեջ նշանավոր էջեր գրավելու միակ միջոցն է նշանավոր գործեր ունենալ։ Քաղաքակրթության պատմությունն բնական պատմություն չէ։


Բարոյական Գ — Ուրիշներու ծաղու նշավակ լինելն բարոյական մեծ կորուստ է։


Բարոյական Դ — Գիտուն ըլլալու ամենեն պարկեշտ և ուղիղ ճամբան յուր տգիտությունն ճանչնալն է։


Բարոյական Ե — Կառք շինողն հանձնարարությամբ մը չկրնար ժամագործ ճանչցվիլ, մինչև որ արվեստը չուսանի։