Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/293

Այս էջը սրբագրված է

Արձագանք. — Դերձակ երեսփոխան մոր կը կրկնե ինչ որ ըսե այն երեսփոխանն, որուն երեք չորս ձեռք հագուստ կը ձևե և կը կարե տարին։

Արձան. — Տնկված մեծ մարդոց վրա կը բուսնի։

Արտևանունք. — Աչաց փեղկերը։

Բաղաձայն. — Աղքատություն, որ ինքն իրմե ձայն չկրնար հաներ։

Բաղանիք. — Քավարան մարմնո։

Բամբասանք. — Կանանց օրվան խնդիրը։

Բանալի. — Գողերուն քով ամեն տեսակը կը գտնվի։

Բանտ. — Դիվանագիտական փակագիծ։

Բարդություն. — Ամուսնություն բառերու։

Բարեբախտ. — Այն, որ չնախանձիր ուրիշներուն երջանկությանը։

Բարեգործություն. — Ռամկական բառ, որ գործածելի չէ։

Բարեկամություն. — Ինչ որ շատ դժվար է գտնել դժբախտության մեջ, որովհետև հարուստներն կը գտնեն զայն իրենց դրամին շնորհիվ։

Բարեկենդան. — Հիմարության շաբաթ։

Բարեպաշտ. — Այն, որ եկեղեցվո փսիաթներն համբուրելով կը մաշե և հետո կերթա որբերուն դրամն յուր կոկորդն անցունել։

Բարետոհմ. — Այն, որ շատ ոսկի ունի։

Բարձրաձայն. — Այն, որուն ձայնն բարձր հասակ մունի։

Բացակա. — Առաքինություն։

Բեռնակիր. — Այն, որ անտանելի կին մունի։

Բերան. — Ժամանակավ սրտին թարգմանն էր, հետո հրաժարեցուցին զինքն այն պաշտոնեն և շահու թարգման անվանեցին։

Բերդ. — Տգեղություն, որու շնորհիվ բազում կանայք կը պաշտպանեն իրենք զիրենք։

Բեվեռ. — Շաղկապ։

Բժիշկ. — Կալվածատեր մեր մարմիններու։

Գազան.— Բարի, անկեղծ ու սիրուն արարածներ, որ իրենց անոթության հագուրդ տալու նպատակավ միայն կը հարձակին երբեմն տկար էակներու վրա։