Թողություն. — Կը ներենք, երբ չկարենանք վրեժ լուծել։
Ժամանակավ. — Կը գտնվի եղեր մարդասիրություն։
Ժառանգություն. — Ուրիշին ճակտին քրտանց պտուղը ուտել։
Իմաստակ. — Աղավաղումն իմաստուն բառին։
Ինքնահոժար. — Բռնի։
Իրավ. — Սուտ։
Իրավագետ. — Իրավունք հալածող։
Իրավունք. — Հարուստներուն կը տրվի միշտ։
Լաբյարինթոս. — Մեր խնդրոց կարգը։
Լիրբ. — Գործունյա։
Խաբեբաթ. — Դիվանագետ։
Խանձարուր. — Պատանքին աղան։
Խնկաման. — Տեսակ մը լրագիր։
Խրատ. — Դեղ մ’որ ականջով կը խմվի. սակայն շատերն կը դժկամակին խմել զայն և իրենց ականջներն անով զարդարելով կը շատանան։
Խոսնայր. — Աղջիկե մը խոսք առնողն միշտ անոր սիրտն ալ կառնե՞ արդյոք։
Ծածուկ. — Ծանուցումն։
Ծանծաղամիտ. — Մարդ որուն մտքին մեջ խեղդվելու վախ չկա, որովհետև խորունկ չէ։
Ծանրաբեռն. — Անթոսի ուղևորության ընթերցողն։
Ծափահարություն. — Ձեռքերու կեցցեն:
Ծեծ. — Զարկ, բայց անձնականիս մի դպչիր:
Ծերություն.— Կենաց թատրերգության վարագույրն։
Ծիծ. — Աղբյուր կենաց։
Կանխիկ. — Ստա՞կ. — Ոչ։ Շնորհակալությո՞ւն. — Ընդունեցե՛ք, առեք, որչափ որ կուզեք։
Համարատու. — Այն, որ համար չտար։
Համբույր. — Խածնել։
Հայհոյություն. — Փաստի սով։
Հայրենասիրություն. — Քսակը լեցնել։
Հանգանակություն. — Պաշտոնական մուրացկանություն։
Հավանականություն. — Երեք քառորդ ճշմարտություն։