Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/302

Այս էջը սրբագրված է

— Տեր, բավական ժամանակե հետե մեծ ախորժակ ունիմ ուտելու.... ուրիշներուն ստակն, դեղ մը տայիք ինձի։

— Տեր, այս առտու փափագ ունեցա անունս լրագրաց մեջ կարդալու։

Վերջապես յուրաքանչյուր ոք բժշկին պիտի դիմեր, յուր ցավն հայտնելով դեղագիրն պիտի առներ և պիտի դարմանվեր. սակայն նախապաշարումն մինչև այսօր կը պնդե, որ մենք մեր հոժար կամքովն ամբարտավան, կասկածոտ, հակառակասեր, կեղծավոր, մարդատյաց, շռայլ, փոփոխամիտ, բարկացող, նախանձոտ և այլն ըլլանք, որպես թե մենք զմեզ չգիտնայինք և ամեն օր վարձով չհամոզվեինք, որ մեր կամքեն անկախ պարագաներ կը ներգործեն մեր վրա. և եթե նորեն պնդեն թե միշտ կամքն է զմեզ վարողն՝ այնպիսիներուն ալ կը պատասխանեմ, թե այդ կամքն ալ անկախ է մեր կամքեն։

Տասն և չորս տարիներե հետե կը մաքառիմ բարոյական ախտերու դեմ և տասն և չորս տարիներե հետե պարտություն միայն կը կրեմ, խարազանով կը հալածեմ զանոնք, և որքան կը հալածվին այնքան կը տարածվին անպիտաններն, ուրեմն հարկ էր կամ հալածանքն դադրեցունել կամ խարազանն փոխել: Այդ ախտերն ջնջող դարմանն գտնելն հետո հալածանքն դադրեցնել և թույլ տալ, որ բարոյական ախտերն տարածվին մերազնեից մեջ և նոցա առողջությունն խանգարեն՝ անգթության գործ թվեցավ ինձ. ուստի որոշեցի այս անգամ դրական կերպով հարվածել զանոնք և այս նպատակավ է որ բարոյական ախտաբանությանս ձեռնարկեցի։ Բարոյախոսությունն ալ պետք է որ գրականության հրաժեշտ տա և գրական գիտությանց մեջ մտնելու, բարեհաճե։

Բարոյական հիվանդությանց վրա խոսելե առաջ հարկ անհրաժեշտ է ախտաբանության վրա համառոտ ծանոթություններ տալ մեր ընթերցողաց։

Ախտաբանությունն է գիտություն հիվանդությանց։

Հիվանդությունները լավ ճանչնալու համար պետք է անոնց պատճառներն փնտրել, ախտանիշներն ուսումնասիրել, և անոնցմե հետևցնել ախտաճանաչումն և կանխավնիոն:

Պատճառագիտություն. — Պատճառագիտությունն է ուսու-