Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/318

Այս էջը սրբագրված է

ծերն ինձի կը նային, տիկին, ինձի կսպասեն... ըսելիքդ ի՞նչ է, զրուցե։

— Սա իմ տղաս..․

— Շուտ զրուցե, ի՞նչ է եղեր տղադ, ես գործի տեր մարդ եմ, ամեն վայրկյան ասդին վազելու, անդին վազվռտելու ստիպված եմ, րոպե մը չեմ կրնար տեղ մը մնալ, քեզի համար չեմ կրնար գործերս երեսի վրա թողուլ, մենք վաճառականքս զբաղած մարդիկ ենք, մեր մեկ ժամը հազար ոսկի կարժե, հետևապես առանց երկարելու, պարզ ոճով, երկու կարճ բառով բացատրե միտքդ։

— Տղաս քովդ ա՛ռ։

— Տղա՞դ քովս առնեմ... ո՛չ, տիկին... բայց տղադ քովս առնեմ ի՞նչ ընեմ։

— Վաճառականություն սոր...

— ի՞նչ պարտականություն ունիմ ես տղուդ վաճառականություն սորվեցնելու։

— Ձեր ծանուցյալ մարդասիր...

— Գործ ունինք, տիկին, գործ ունինք, կ՝ըսե ու գրասենյակեն դուրս կելնե։

Եթե Սթենոկարդին ըսվի թե «Այսօր մեկն եկավ գրասենյակն և զձեզ հարցուր» նույն օրն բոլոր ծանոթներուն և անծանոթներուն մի առ մի հարցնել կուտա, թե ինչ պատճառի համար զինքն փնտրած է, և սիրտը հանգիստ չըլլար մինչև որ զինքն հարցնողն չի տեսնի։ Երբ ընտանիքովն այցելություն մը ընելու հարկադրվի՝ չսպասեր տիկնոջն, որ պատրաստվի «Ես երթամ, դուն ալ եկո՛ւր» կըսե ու փողոցը կը նետե ինքզինքն։ Երբ ձանձրանա բարեկամեն կ՝աղաչե, որ թուղթ խաղան։ Բարեկամը կը հավանի, կսկսին խաղալ: Սթենոկարդ շուտ մը կը ձանձրանա, խաղի թուղթերը մեկդի կը դնե և կառաջարկե բարեկամին, որ հետը պտույտ մ՝ընե դեպի ծովեզերք։ Առաջարկությունն կ՝ընդունվի։ Ծովեզերք կ՝երթան։ Ծովեզերքը համ հոտ չունի, կըսե Սթենոկարդ, երթանք տուն ու մեր խաղը ամբողջացնենք։ Սթենոկարդն հիվանդությանը ժամանակ մտիկ ընելու է, տունը տակն ու վրա կ՝ընե։ Օրը հազար անգամ բերել կուտա բժիշկն, և եթե տված դեղն ուշանա ներգործել քովիններուն կը սրդողի, թե ինչո՞ւ