մարդու դիմակ ունենա, իբրև մարդ կընդունվի և բնավ վկայական չհարցվիր։ Բայց եղջյուրներդ ի՞նչպես ծածկեցիր։
Եզն — Մեծ գլխարկով մը, բայց ծածկելուս համար զղջացա, որովհետև հոն գտնվող մարդերուն մեծ մասն եղջյուրավոր էին։
Կապիկն — Եղջյուրավո՞ր։
Եզն — Այո՛, վերջը կը հասկնաս։
Կապիկն — Լավ, երկու ոտքով քալելու համար ի՞նչ ճամբա գտար։
Եզն — Մարդերու պես ըրի, ձեռքս գավազան մառի։
Կապիկն — Մարդերն երջանիկ են այս մասին, դիմակով մը կրնան իրենց ուզած կենդանվույն նմանիլ։
Եզն — Պարահանդեսեն ներս մտնելուս պես՝ երիտասարդ մը իտալական լեզվով բան մը ըսավ, թեպետև իր ըսածն չհասկցա, բայց ձևերեն իմացա, որ գավազանս կ՛ուզեր պահելու համար։
Կապիկն — Մյուս կենդանիներն այս մասին մեծ առավելություն ունին մարդու վրա, մենք մարդերու լեզուն շուտ մը կը հասկնանք, իսկ անոնք մեր լեզուն չեն կրնար հասկնալ։
Եզն — Անոնք շատ անգամ իրարու լեզուն ալ չեն հասկնար և օրերով, ամիսներով, տարիներով կը վիճաբանին միմյանց միտքն իմաալու համար:
Կապիկն — Եվ այնքան բանասիրական հոդվածներ կը հրատարակեն հաստատելու համար, թե այս ինչ լեզուն հնդ-եվրոպական ճյուղին կը վերաբերի, թե այնինչն այսինչ ծառին կը պատկանի և այլն։
Եզն — Բայց թող՛ունք լեզվաքննական ճյուղը և մեր գավազանին գանք։ Երիտասարդին հրավերին վրա՝ գավազանս հանձնեցի իրեն։
Կապիկն — Ի՞նչպես կրցար երկու ոտքի վրա մնալ առանց գավազանի։
Եզն — Այնտեղ շատ մը կիներ կային, որ կը փափագեին թևս մտնել, այս առիթեն օգուտ քաղելով՝ երկու թևերուս մեյմեկ կին առի։
Կապիկն — Շարունակե՛ տեսնենք։