Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/357

Այս էջը սրբագրված է

ԺԱՄԱՆԱԿԻՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

ՆԵՐԱԾՈԻԹՅՈՒՆ

Պատմությունն պատիվ ունի ցուցնել և ուսուցանել մեզ, թե մարդիկ, այսինքն մեր նախահարք, երբ տգիտութենեն և բարուց ապականութենեն առաջնորդված, մոռցան իրենց արարիչն և սկսան պաշտել արեգակն, լուսինն, աստղերն, հուրն, սոխն ու սխտորը — այս երկու աստվածները այսօր չեն կարող մտնել բարձր դասու ընկերությանց մեջ, աղքատներու մեջ միայն կրնան մուտ գտնել,— կովն,— աստված մորուն վրա քիչ մը կարագ քսվի և կասկարայի վրա խնամով խորովվի՝ պատվական ճաշ մը կըլլա և ախորժակով կուտվի մանավանդ գինիով, չմոռնանք հիշելու, թե այս անմեղ աստվածներն մայրաքաղաքիս մեջ վաճառականաց կտավի կամ բուրդի հակերը կը կրեն այսօր սայլերով — երբ մարդիկ, ըսինք, որոշեցին այսպիսի բաներու և արարածներու պաշտոն մատուցանել, սկսան ամեն զեղծում և մոլություն գործել և հետզհետե աստվածանալ։ Այն ժամանակները աստվածներն արարածներեն շատ էին։

Ամեն միտք, որ տրամաբանել գիտե՝ կարող է հարցնել յուրովի, թե տգիտությունն բարուց ապականության հետ միանալով եթե կրնա աստվածներ ստեղծել գիտությունն արդյոք ի՞նչ աստվածներ կարող չէ ստեղծել երբ ընկերակցի բարուց ապականության հետ։

Եվ արդարև գիտությունը բարուց ապականության ձեռքեն բռնած, չուշացավ առաջնորդել մեզ առասպելաց գարուն ուր կապրինք այսօր դժբախտաբար։