Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/41

Այս էջը սրբագրված է

Փիլոպիպղոս — Ո՞րքան բարձրեն կը թռիս, Անթե՛, վարերը չես նայիր։

Անթոս — Բարձրաթռիչ ստեղծված եմ ես։

Փիլոպիպղոս — Չե՞ս զիջանիր ինձի հետ ընելու երկու խոսք ընելու:

Անթոս — Քեզի պատիվ մը ըրած ըլլալու պայմանով միայն։

Փիլոպիպղոս — Կընդունիմ։

Անթոս — Գրություններուս վրա հիացումդ հայտնելու եկար կարծեմ։

Փիլոպիպղոս — Կարծիքս կը հայտնեմ։

Անթոս — Հայտնե՛։

Փիլոպիպղոս — Ի՞նչպես հայտնեմ, աչառությա՞մբ, թե անաչառությամբ։

Անթոս — Անաչառությամբ։ Շուտ ըրե՛, ըսե՛, ի՞նչպես կը գտնես հոդվածներս։

Փիլոպիպղոս — Այնպես, ինչպես որ են։ Կերևի թե դուք հակ մը թուղթ կսպառեք, հազար գրիչ կը փոխեք, ձեր ճակատն չփելով կը մաշեք, ձեր ուղեղն բավական կը տանջեք և վերջապես բավական ապաշխարանք կը քաշեք՝ երբ երեսուն օրվան մեջ երկու երեք թուղթ բան մը գրել ուզեք։

Անթոս — Կաղաչեմ, իմ ապաշխարանքիս վրա ձեր կարծիքն չհարցուցի, այլ իմ հոդվածներուս վրա։

Փիլոպիպղոս — Ես ալ ան ուզեցի հասկցնել. ուղեղեն ապաշխարանքով ծնունդ առնող ոևէ գրություն մը յուր ընթերցողներուն ալ ապաշխարել կուտա։ Ընթերցողն գրողեն ավելի նեղություն կ՝զգա, կը տանջվի և կը չարչարվի։ Մի՛ նեղանար, բարեկամ, և ներե՛ ինձ հայտնել, թե ոճդ պճնելու համար այնքան հեռացած ես բնականեն, որ ոճին ամենագեղ զարդն է, մինչև անճանաչ լինել և տաղտուկ պատճառել պարզասերներուն։

Անթոս — Կատա՞կ կընես։

Փիլոպիպղոս — Կարծես գրիչդ սեղմած ես մատներուդ մեջ և թույլ չես տված անոր ազատ և արագ սահիլ անցնիլ թուղթին վրայեն։

Անթոս — Չսահիր իմ գրիչս արադ և ազատ։