Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/44

Այս էջը սրբագրված է

Փիլոպիպղոս — Ի՞նչ ըսեմ... հավանական է ուրիշներու հաճելի ըլլալու մոլության պես բան մը... սանկ... թերևս ունենամ, այս ու ամենայնիվ խիղճս հանդարտ է, որ շահասիրական ոգիե չեմ առաջնորդվիր:

Անթոս — Կարծեմ խղճի հանդարտությամբ թերություն գործողներուն մրցանակ չեն տար։

Փիլոպիպղոս — Իրավունք ունիս։

Անթոս — Կզգաք ուրեմն, որ եթե իմ դրություններուս մեջ պարզությունն կը պակսի՝ քուկիններդ ալ ճշմարտութենե զուրկ են շատ անգամ։

Փիլոպիպղոս — Չեմ հակառակիր։

Անթոս — Եվ պճնասեր գրիչի մը սահմանված պատիժն շատ թեթև է մարդահաճ գրչին տրված վճիռեն։

Փիլոպիպղոս — Այս վայրկենես կսկսիմ ամեն գրագետին գովեստ տալ յուր արժանյացը համեմատ։

Անթոս — Անպատճառ գովել հարկ է. չես կրնար օր մը անցունել առանց զոք գովելու։

Փիլոպիպղոս — Վարժված եմ, եղբա՛յր, ի՞նչ ընեմ։

Անթոս — Գոնե երկու օրը անգամ մը գովե։

Փիլոպիպղոս — Կաղաչեմ, այդ առաջարկությունն մի ըներ։

Անթոս — Շատ աղեկ, ես ալ խոսք կուտամ քեզի մաքիս ծնունդն առանց զարդի դնել թուղթի վրա։

Փիլոպիպղոս — Շնորհակալ եմ։ Մնաք բարով։

Անթոս — Երթաք բարով։

Բարոյական — Պարզությունն և ճշմարտությունն այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կը փնտրվին ամեն բանե առաջ։

Այս բարոյականեն դուք ալ կրնաք դաս առնել, ո՜վ պճնասեր կիներ... և պարոններ...


ԱՐԶԱՆ

Ի պատիվ Արամազդա

Աղավնի — Վու, վու, վու...

Ծիծաղ — Ձայնդ սիրեմ, աղավնի, ի՞նչ գործ ունիս իմ քովս...