ԿՐԻԱՆ ԵՎ ՇՈՒՆՆ
Շուն — Կրիա, քանի տեսնեմ զքեզ, խնդալս կուգա։
Կրիսա — Ինչո՞ւ, ծաղր շարժելու ի՞նչ ունիմ վրաս։
Շուն — Արծիվին հետ ճամբորդություն ըրա՞ծ ես դուն երբեմն։
Կրիա — Արծիվին հետ ճամբորդություն ըրած եմ. կարծեմ հրամանքնիդ ինձի հետ զվարճանալ կուզեք, բայց ես զվարճանալու ժամանակ չունիմ։
Շուն — Անանկ նպատակ մը չունիմ, միայն կը փափագեի այդ ճամբորդությունն քու բերնեդ լսել։
Կրիա — Ի՜նչպես կրնա կրիա մը, որ գետնի վրա միայն հազիվ կը շարժի դանդաղ ի քայլ ճամբորդություն ընել արծիվին հետ, որ օդի մեջ այնքան բարձր և արագաթռիչ կը սլանա, կարելի՞ բան է աս։
Շուն — Ինչո՞ւ կը պահես իզմե, պատմությունն գիտեմ ես։
Կրիա — Խելքի՞դ եկավ։
Շուն — Ինչո՞ւ խելքիս պիտի գա դուն չառաջարկեցի՞ր օր մը արծիվին, որ թռչիլ սորվեցնե քեզի և արծիվն չպատասխանե՜ց, թե թռչիլն հեռու Է քու բնութենեդ, հրաժարե այդ փափագեդ, և դուն նորեն ոտք կոխելով չստիպեցի՞ր արծիվն, որ առաջարկությունդ ընդունի...
Կրիա — Ե՞ս...
Շուն — Այո, վերջապես արծիվն թախանձանացդ չդիմանալով մագիլներովն չբռնե՞ց քեզի և օդի մեջ չբարձրացո՞ւց...
Կրիա — Զիս... օդի՜ մեջ... արծի՜վն... պատմությունն միայն սոսկում կուտա ինձ...
Շուն — Եվ հետո մագիլներեն չձգե՞ց զքեզ, և դուն ժայռի մը վրա իյնալով ջարդուբուրդ չեղա՞ր։
Կրիա — Տեր ողորմյա, այս աստիճան սուտ կրնա եղեր ըլլալ... ո՞վ պատմեց քեզի այդ առասպելը։
Շուն — Եզոբոս, որ ճշմարտախոսի համբավ կը վայելե։
Կրիա — Եվ դուն ալ հավատացիր։
Շուն — Չհավատալու ի՞նչ կա, լուրն արժանահավատ աղ-