Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/144

Այս էջը սրբագրված է

ՊԶՏԻԿ ԹԱՏՐԵՐԳՈԻԹՅՈԻՆ ՄԸ

ՏԵՍԻԼ Ա

Տեսարանն է Ենի գյուղ

Գիրուկ և գեղանի տիկին մը առավոտյան ժամը երկուքին տան մը մեջ պատուհանին առջև նստած մեկու մը գալուն կսպասե։

— Ինչո՞ւ ուշացավ, կըսե, մազերը վեր առնելով, խոսք տվավ, որ այսօր անպատճառ պիտի գա. արդյոք ամուսինս զինք ի դա՞ տ հրավիրեց դարձյալ... բայց չէ, ինքը ըսավ, որ դատը Պատրիարք քարան պիտի տեսնվի և թե քիչ օրեն պիտի արդարանա, արդեն որ հանցավորը Պատրիարքարան գացեր է տե չէ արդարացեր... բայց ինչո՞ւ չգար... ըսած էր, որ ժամը երկուքին պարտեզի դուռը բաց ձգեմ, ես ալ բացի... բայց չըլլա՞ որ հովը գոցած ըլլա, երթամ նայիմ (կերթա)։

— Ո՞վ է այս տիկինխ Մեղու:

— Չեմ ըսեր։


ՏԵՍԻԼ Բ

Պարտեզին դրան առջև դեղին մորուքով մարդ մը կայնած՝ չորս կողմը կը դիտե։

Տիկինը դուռը կուգա։

— Ինչո՞ւ դեղնած ես:

— Շոգենավին մեջ Մեղուն տեսա, ան ալ զիս տեսավ. թշվառականը կարծես թե հետքերս կը լրտեսե։

— Ինչ վախ ունիս անկեց:

— Վախ չունիմ, բայց չեմ ուղեր, որ վրայոքս բան մը գրե. մյուս լրագրաց բաժանորդ գրվեցա, ի՛նչ ըրի չըրի բերաննին գոցեցի, այս թշվառականը միշտ կը բզզա, միշտ կը խայթե։

— Մեկդի ըրե ատ խոսքերը, դատդ ի՞նչ ըրիր ան ըսե՛։