Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/165

Այս էջը սրբագրված է

— Փեշտիմալ ու հավլու ալ կուտանք կոր։

— Փեշտիմալ ու հավլու կուտաք կոր նե՝ վերջը կուզե՞ք կոր։

— Հապա։

— Անանկ է նե՝ երկու ղուրուշը շատ է, քիչ մը իքրամ ըրե ինձի։

— Յոթանասուն փարա տուր։

— Տասը փարայի իքրամը ի՞նչ պիտի ըլլա, ընելեդ ետքը սանկ...

— Վաթսուն փարա տուր։

— Վաթսուն փարա շատ է, ես արդեն նիհար մարդ մեմ, շատ տեղ չեմ բռներ, հասակս ալ երկար չէ, սեպե քի տղա մեմ. քսան փարա տամ տե մտնամ:

— Քսան փարայի չըլլար, վնաս կընեմ։

— Ինչ վնաս պիտի ընես ատամ, երկու տախտակ իրարու քով քամեր ես, վրան բաց ձգեր՝ տակեն քիչ մը ջուր առեր ես, սա չէ մի ամենը:

— Անանկ է ամմա, ծախս ունինք աղաս։

— Իմին մտնալովս ծախսդ չպիտի եվելնա յա. երկար մ՚ըներ, եկո՛ւր, քսան փարան ա՛ռ խերը տես, ես քուկին վաստակիդ աչք չունիմ։

— Իրավ որ ես կամչնամ կոր։

Պ... այնչափ կընդդիմանա, որ բաղնեպանը ձանձրանալով թող կուտա, որ քսան փարայի մտնե։

Պ... կը հանվի և ծովը կը նետվի։

Քառորդի մը չափ ծովը մնալեն ետքը կսկսի դողալ. ակռաները այնպես կը կրճտին, որ դուրսը եղողները ձայնը կը լսեն։

Նեըսը եղողները կ'ըսեն.

— Կը դոդաս կոր նե՝ ինչո՞ւ չես ելներ կոր աղա։

— Ստակը փողոցեն չեմ ժողվեր կոր. ես հորմես ժառանգ ալ կերած չեմ. բաղնիքը ձրի ալ մտած չեմ, որ շուտ մը ելնեմ, ստակ տված եմ հարկավ քիչ մը ուշ պիտի ելնեմ։

Ծովուն մեջ եղողները տեսնելով, որ Պ... ծովը աժան մտած ըլլալուն համար մինչև կես գիշերը դուս ելնելիք չունի, անոր թևեն կը բռնեն և դուրս կը հանեն։

Պ... հակամայից դուրս ելնելով կը հագվի. բաղնիքեն դուրս ելած ատեն տասը փարա կուտա բաղնեպանին ըսելով.

— Որչափ որ քսան փարայի բազարլրխ ըրինք նե՝ ուզածիս չափ չկրնալ կենալուս համար՝ հիմակու հիմա տասը փարան ա՛ռ, կես ժամեն դարձյալ պիտի գամ մտնելու, մնացած տասը փարան ալ ան ատեն կուտամ։