Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/185

Այս էջը սրբագրված է

ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

— Գիշերները պարահանդես կերթա՞ք կոր։

— Այո՛, շաբաթը գրեթե չորս հինգ անգամ կերթամ կոր։

— Դիմակո՞վ, չէ նե առանց դիմակի։

— Դիմակով։

— Ինչո՞ւ։

— Որպեսզի չըլլա որ զիս ճանչցողներ գտնվին և ամչնան։

— Ի՞նչ հագուստ կը հագնիք կոր։

— Բոժոժավոր հագուստ։

— Ի՞նչ ձևեր կընեք կոր։

— Թեթևության ձևեր։

— Ձեր բնական ձևերը կընեք կոր ըսել է: Ան տեղը կերթաք նե՝ ի՞նչ կընեք։

— Ինչ որ պետք է ընել պարահանդեսի մը մեջ, տամաներուն հետ խաղալ։

— Ինչէ՞ն կը ճանչնաք տամա ըլլալը, քանի որ ան ալ դիմակով է։

— Ֆրանսերեն գիտե՞ս դուն։

— Ֆրանսերեն չես գիտեր նե՝ պարահանդես մի՛ գար, կը խաբվիս, քավալիերը տամայի տեղ կը կլլեցնեն քեզի։

— Ի՞նչ կըսեք. քավալիերը տամայեն որոշելու համար անպատճառ ֆրանսերե՞ն գիտնալու է մեկը։

— Հապա , ֆրանսերենի մեջ լը մը և լա մը կա, որոնցմով մեկը կրնա ճանչնալ անձի մը կամ բանի մը արու կամ էգ ըլլալը, հետևապես այն անձը, որ ինձի տամա պիտի ընեմ նե՝ վրան լա մը կը դնեմ կըլլա իգական։

— Մեր Կիրակոս աղբարին վրա տլ լա մը դնեք նե՝ կրնա՞ տամա ըլլալ։