Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված է

ԿՈՃԱԿԻ ԲԱՐԵԽՈՍՈԻԹՅԱՄԲ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆ ՄԸ

Վերջապէես ես ալ համոզվեցա, որ հիմակվան ամուսնությանց մեծագույն մասը դիպվածական է: Այն, որ ժամ մը առաջ ամուսնություն մտքեն անգամ անցուցած չէր, ժամե մը ետքը էրիկ կըլլա կոր, այն, որ մայրապետ մնալ ուխտած էր, կը նայիս որ մեկեն ի մեկ մայր կըլլա կոր։ Մարդոց այս տեսակ ամուսնությունները իրավունք կուտան ինձ ըսել ուրեմն, թե դիպվածն է, որ այս աշխարես մարդերով լեցուցած է։

Մտիկ ըրեք, ո՜վ դիպվածական զավակներ, պատմություն մը, զոր երեկ կարդացի լրագրի մը մեջ։

Անգղիացի մը փողոցե մը անցած ժամանակը քովեն օրիորդ մը կանցնի և անգղիացվույն վրայի հագուստին կոճակը դիպվածով օրիորդին շրջազգեստին կանցնի, այնպես որ կռնակ կռնակի կը մնան։ Կոճակը քակելու համար երկուքն ալ ետևնուն կը դառնան և զիրար կը տեսնեն։

— Գո՞հ ես ասանկ, կըսե անգղիացին:

— Այո, կը պատասխանե օրիորդը։

— Միշտ ասանկ մնա՞նք:

— Մնանք:

Երկու հարցում, երկու պատասխան... և ահա նույն ժամուն տուն կ՚երթան, նշանը կը տրվի, հարսնիքը կըլլա, պսակի խորհուրդը կը կատարվի և զավակ մը կը ծնի:

Զավակ մը կը ծնի ըսի նե՝ խոսքին արադություն և սաստկություն տալու համար ըսի: Ի՜նչ ընեմ, ճարտասանական կանոններն ալ երբեմն երբեմն գործածելու է:

Ահա այսպես կոճակ մը, զոր բանի մը տեղ չենք դներ և զոր չնչին բան մը կը կարծենք, երկու անձանց երջանկության պատճառ կըլլա: