Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/222

Այս էջը սրբագրված է

ԹԱՏՐՈՆԻ ԲԱՆՈՐԱՄԱՆ

Ընթերցող, թե որ բանայիր երթալու դժբախտությունը ունեցած ես, հարկավ տեսած ես հոն անանկ մարդիկ որ «Սեյր էյլեին Սեվասթոպոլ մուհարեպեսի, սեյր Էյլեին Սպանյանըն քավկասը, ասքերին տաղտան էնմեսի և այլո» ըսելով սնտուկի մը մեջեն այլևայլ տեսարաններ կը ցցունե, և ունեցած բոլոր տեսարանները ցցունելեն ետքը քարանլըք տյունյա կըսե ու կը վերջացունե։

Մինչև հիմա մոռցած էինք ըսելու որ մեր Թատրոնն ալ ունի ասանկ սնտուկ մը, արդեն մեր Թատրոնն ի՞ծչ չունի, որ վարագոյր վերցունելով իջեցունելով այլ և այլ տեսարաններ կը ներկայացունե։

Ա՛րդ, անոնք որ հետաքրքիր եղած են հետաքրքրական տեսարաններու հետաքրքրություն ունենալու, կրնան մոտենալ մեր սնտուկին և հետաքրքրություննին հագեցունել։

Օ՛ն անդր, պատրաստվեցեք, ահավասի՛կ վարագույրը կը բանամ կոր։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք Սպանիո պատերազմը, տոն Քարլոս ձիու մը վրա նստած, ոտքերը տաք ջուրը դրած, оխլամուր կը խմե և թշնամվույն վրա կը հարձակի։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ք Քարլիսթներուն քաջությամբ փախչիլը և թշնամվույն ձեռքը չիյնալը։

Սեյր ըրեք, Օրագրո մեջ հակասություններուն իրարու հետ կռվիլը, զիրար մեռցունելը, Օրագրո խմբագրին խոշորացույցով հեռվանց պատերազմը դիտելը, ընթերցողաց խնդալը։

Սեյր ըրե՛ք, սեյր ըրե՛ր «Սախա յոխուշիին» աղբյուրեն կաթնավաճառի մը կաթին մեջ ջուր լեցունելը, ու «խալիս սյուտ» պոռալով վազելը։