ԷՐԻԿ ԿՆԿԱՆ ՍԵՐԸ
— Գետնին տակը անցնիս, մարդք երկու աչքդ կուրնա։
— Երկու աչքս մի կուրնա։
— Երկու ականջդ խուլնա, ան ի՞նչ սև օր է եղեր, որ քեզի պես անզգա մարդու մը հետ կարգվեցա։
— Անզգա՞ մի։
— Երես ունիս ու կը հարցունես կոր։
— Կը հարցունե՞մ կոր մի։
— Ըսե՛, լեզուն չորնալիք, ըսե՛, օր մը օրանց խնդացած ունի՞մ։
— Լեզուն չորնալի՞ք մի։
— Կարգվելես ի վեր աղեկ օր մը ցցուցի՞ր ինձի։
— Ցցուցի՞ր մի... աղեկ օրը ես տեսած ունի՞մ, որ քեզի ալ ցցունեմ։
— Անզգա՛, տե՛ս, աղվորությունս բոլորովին գնաց։
— Ես ալ անանկ կ՝ուզեի, որ ցերեկները շուկան երթամ նե աչքս տունը չմնա։
— Անպիտան, բոլոր միսերս հալեց ան, մինակ ոսկոր մնացի։
— Ա՛լ աղեկ, զգեստ շինենք նե խումաշը քիչ կ՝երթա։
— Զիս ճաթեցունե՞ս պիտի։
— Ձեզի ճաթեցունե՞մ պիտի մի...
— Դուն ինձի էրիկ ըլլալու արժանի չէիր։
— Արժանի չէ՞ մի։
— Արժանի ըլլայիր նե՝ զիս գլխուդ վրա կը պտըտցունեիր, զիս աղեկ կը նայեիր, ես ալ այսօր ասանկ ոսկոր չէի դառնար, ո՞ւր է իմ աղվորությունս, ո՞ւր է միսերս...
— Միսի կռի՞վ պիտի ընենք, կնիկ... բերանդ կը գոցե՞ս, չէ նե բերանս բանամ մի... միսերը ո՞ւր է եղեր... աս ալ խոսք է։
— Օր մը օրանց տասը փարա տված ունի՞ս։
— Օր մը օրանց քսակդ ստակ ունիս մի հարցուցա՞ծ ես մի։