Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/24

Այս էջը սրբագրված է

— Աստվածդ կը սիրես նե ով է մեռեր:

— Որովհետև երդում տվիրք պետք է որ զրուցեմ, լսեցի թե՛ հրամանքիդ թոռը Բարիզի մեջ սպաննվեր է, բայց կերևա թե սուտ՛ ըլլալու է։

— Իմ թո՞ռս, Աստված արժանի ընե տեսնելու, բայց...

— Ուրեմն տակավին Բարիզ է, տակավին եկած չէ։

— Ի՞նչ ըսես բարեկամ, տակավին աշխարհ ալ եկած չէ իմ գիտնալս։ Ի՞նչ կ՚ըսես Լևոն, դուն Բարիզի մեջ զավակ մը թողուցի՞ր, ատանկ բան մը կա՞։

— Ա՞ս է ձեր որդին տեր հայր։

— Այո, մեծ զավակս աս է։

— Իս կը ծաղրես։

— Տեր ողորմյա, ինչո՞ւ պիտի ծաղրեմ, իմ զավկներուս էն՝ մեծը աս է։

— Ի՛նչ կ՝ըսես տեր հայր. հրամանքդ զավակ մը չունի՞ս, որ՛ քահանա եղած ըլլա և Բարիզի մատռան մեջ քահանայագործություն ըրած ըլլա։

— Ես քահանա զավակ չունիմ, Բարիզի մատռան մեջ քահանայագործություն ընողը ես էի։

Ասի Բարիզի մատռան քահանայագործություն կորներ, որովհետև պարտիզպանություն կը սովրեր։

— Տեր հա՛յր, ինչո՞ւ իս խաբել կ՝ուզես, ես գոհություն Աստուծո կարդացածս կը հասկնամ, հայերեն ալ բավական գիտեմ, դուն՛ անպատճառ քահանա զավակ մը ունենալու ես։

— Ես Հյունքյարպեյենտյանն եմ նե՝ տակավին կարգված զավակ չունիմ, մեծ տղաս ալ աս է։

Անկարելի բան է, դուն անպատճառ զավակ մը ունիս, որ քահանա է, որ տղա մը ունի և աս տղան ալ Բարիզի մեջ սպաննվեր է։ Ես հայերեն շատ լավ կը հասկնամ։

— Ո՞ր տեղ կարդացիր ատի։

— Մասիսը Արշալույսեն օրինակեր էր։

— Ուրեմն Արշալույսը հայերեն չգիտեր եղեր։

— է՛յ, Մասի՞սը ինչ կըսես որ քու զավկիդ կամ թոռանդ սպաննված կամ չսպաննված ըլլալը չգիտնալով ելեր Արշալույսեն տեղեկություն առեր է փոխանակ քեզի հարցնելու։

— էյ, աս օրերս իս տեսած չուներ որ հարցներ։

— Հիմա իրավ քու տունեդ Բարիզի մեջ սպաննված մարդ չկամ: