Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/258

Այս էջը սրբագրված է

թա կը դնե հանդերձեղենն և գոհարեղենն, որո համար կը վճարե իբր յոթանասուն և ութն ոսկի:

Քանի մը օրվան մեջ ֆրանսերեն ուսանիլ ալ պետք է․ Օլենտորֆը վեց ամիսեն կը սորվեցնեմ դասատու մը բոլորովին նոր և դյուրուսույց եղանակավ երկու ամսվան մեջ կուսուցանե: Ասոնց և ոչ մեկեն պարոն Կուռնելիոս կրնա օգտվիլ։ Նա կուզե, որ գոնե շաբթվան մը մեջ անսխալ գրե և խոսի։ Այս փափագն հագեցնելու հուսով գրավաճառի մը խանութը կերթա:

— Քիչ ժամանակի մեջ ֆրանսերեն գրել և խոսիլ սորվեցնող գիրք մունի՞ք:

— Այո՛, ունինք գիրք մը, որ վաթսուն դասի բաժնված է, և եթե ամեն օր դաս մը պատրաստեք, երկու ամսվան մեջ անսխալ կը գրեք, կը խոսիք, և մեծ հեղինակներն դյուրությամբ կը հասկնաք։

— Եթե օրը տասը դաս առնեմ, վեց օրվան մեջ չե՞մ կրնար սորվիլ։

— Ինչո՞ւ չկարենաք սորվիլ, աշխատության վրա է գործը, եթե քիչ մավելի աշխատիք և օրը քսան դաս պատրաստեք, երեք օրվան մեջ ալ կրնաք սորվիլ, լեզուներու ուսումն շատ դյուրացած է հիմա:

— Օրը երեսուն դաս առնելով երկու օրվան մեջ կրնա՞մ սա գործին տակեն ելնել։

— Այո՛, ինչո՞ւ չէ, մանավանդ թե օրերն երկար են հիմա։

— Այդ գիրքեն հատ մը տուր ինձի։

— Գլխուս վրա։

— Գինն ի՞նչ է։

— Կես արծաթ, տասն դահեկան։

— Շատ աղեկ։

Պարոն Կուռնելիոս դյուրուսույց քերականությունն կառնե և սենյակը կերթ ա:

Նույն գիշեր քանի մը ժամ կը կարդա, և քնույն մեջ մինչև առավոտ ինքնիրեն կը հարցնե և կը պատասխանե:

— Դրացվույս բամպակե ատրճանակն ունի՞ս։

— Այո՛, պարոն, ունիմ զայն։

— Հորս թղթյա վառարանն ունի՞ս:

— Ոչ, պարոն, չունիմ զայն։

— Ո՞վ ունի իմ դերձանե նավս։