Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/289

Այս էջը սրբագրված է

թյուն, ապա բարոյագիտություն, ձեռագործ և առտնին տնտեսություն։ Ասոնք ձեռք բերելեն ետքը կրնա և ազատ է մշակել, ինչ որ յուր կոչման և ճաշակին համաձայն կը գտնե: Սակայն ցավալի է, թե ամեն մայր այսպես չխորհիր, և այսպես չխորհելուն համար կը պատժվի։ Ֆրանսերեն, դաշնակ և պարն մեր աղջկանց ուսմանց ծրագիրն ու վկայականն կը կազմեն այսօր։ Մայրերն կը կարծեն, թե աղջիկ մը սիրվելու համար ֆրանսերեն, դաշնակ և պար գիտնաք հարկավոր է․ հայերեն լեզվով սիրվելու եղանակն անցած է, ըստ նոցա կարծյաց. ձեռագործով ամուսին գտնելն անհնար է, և առտնին տնտեսությունն տանջանք, դժոխք է աղջկանց համար, որ իրենց ծաղիկ հասակին մեջ զվարճանալու, երգելու և պարելու են եղեր։

Ես այս կարծիքեն չեմ, տիկին, սակայն, չեմ ալ պնդեր, որ աղջիկդ ֆրանսերեն չսորվի, մանավանդ կը փափագիմ, որ դուն ալ սորվիս ֆրանսերեն, որովհետև քու քիթդ ալ պստիկ է և էրիկ մալ դուն գտնես։ Բայց դուք ալ հավատացեք, թե խոհեմ և պատվավոր երիտասարդ մը շատ չսիրեր այն աղջիկներն, որոնց հանճարն անոնց կամ ձեռաց մեջն է կամ ոտից վրա, և ես պիտի սոսկայի իմ զավկիս անանկ ընկեր մառնելե։

Կը կնքեմ նամակս, ազնիվ տիկին, որովհետև թղթատարն մեկնելու վրա է։ Սակայն կը խոստանամ այս նյութին վրա երկար նամակ մը գրել ձեզ, եթե անձնական զբաղումներս ներեն։