Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/299

Այս էջը սրբագրված է

ՊԱՐԱՀԱՆԴԵՍԵՆ ՕՐ ՄԸ ԵՏՔԸ

Ընտանյաց բարի հայր մը հետևյալ նամակը կընդունի․

«Մեծապատիվ տեր.

Ձեր նազելաշուք դուստրն օրիորդ.․․ ինձի հետ է։

Բարեհաճեցե՛ք երեք հարյուր ոսկի զրկել, որպեսզի հառաջիկա շաբաթ օրը ձեռք պագնելու գանք։

Ընդ ունեցեք, կաղաչեմ, ամենախորին հարգանացս հավաստիքն,

Որով մնամ

Ձեր ամենախոնարհ և ամենահնազանդ փեսան։

— Կնի՛կ, Միհրանը ուշացավ։

— Մինչև հիմա անպատճառ գալու էր։

— Արդյոք փորձա՞նք մը․..

Դուռը կը զարնվի։

Պանդուխտ մը վեր կելնե։

— Աղա՛, քիչ մը վար կիջնա՞ք։

— Ի՞նչ կա։

— Բան չկա, խոսք մունիմ։

— Զրուցե՛, Ի՞նչ կա, կըսե տանտիկինն հուզված։

— Ճանըմ, երեկ գիշեր ձեր տղան պալոյին մեջ գինովցուցեր են, առեր տուն մը տարեր են, հիմա թող չեն տար, որ գա, ղզավալլըն կուլա կոր։

— Երթանք, երթանք։

— Զավակս, զավակս, կը պոռա տիկինը։

— Հոգ մի ըներ, հիմա կը բերեմ, երթանք, աղբար, երթանք...

— Ի՜նչ ըսեմ սա պալոն իճատ ընողին։

— Իրիկուն եղավ, ո՞ւր մնացիր։