Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/368

Այս էջը սրբագրված է

— Օ՜խ ըլլա, օ՜խ ըլլա... եկուր, կըսեմ կոր քեզի երկու ժամե ի վեր։

Հայկանուշ բարձր ձայնով կսկսի լալ։

— Ի՞նչ կա, ի՞նչ եղավ, աղջիկս ինչո՞ւ կուլա կոր, կը պոռա հայրն, որ վարի հարկեն աղջկանը լալյունը լսած ու վազելով իջած էր։

— Տան մալ չկա, մի եկուր կըսեմ չգար։

— Ի՞նչ եղավ։

— Հատա նե...

— Ի՞նչու կուլա կոր․․․

— Մաշեցա նե․․․ մեռա նե․․.

— Ի՞նչ ըրիք խեղճին, որ ասանկ կուլա կոր։

— Ք՞վ ինչ պիտի ընե, ճանըմ․․․ չգար որ սանտրեմ, ամեն առտու է աս.․ քաշվելու բան չէ․․․

— Ասո՞ր համար կուլա կոր։

— Չգար որ սանտրեմ, կը փախչի, բռնեմ ըսի, ան ալ չբռնվելու համար վազեց ինկավ... աս է եղածը․․. մի վախնար ... չզարկինք.․․ օխ ըլլա, որ սորվի․․․

— Հիմա աս օխը վայլե՞ց։

— Վայլեց, դուն երես կուտաս կոր, ան ալ ասանկ շփացած կըլլա կոր։

— Քանի մը անգամներ ըսինք ձեզի, որ տղայոց ջուրին երթալու Է քիչ մալ։

— Քանի մը անգամներ մենք ալ ըսինք ձեզի, որ տղայոց ջուրին երթալու չէ, որովհետև տղայք շփացած կըլլան, երբ տեսնեն, որ իրենց ջուրին կերթան։

Հայկանուշ երեսի վրա գետինը պառկած, կուլա մեծ լալյունով։

— Ասանկ մայրություն չըլլար։

— Ասանկ հայրություն չըլլար։

— Վա՜խ, աղջիկս, վա՜խ․․․

— Քի՞չ մը լաց, կուզես նե։

— Վա՜խ, յավրում, վախ.․․

— Որչափ ալ փափուկ սիրտ ունիս։

— Եկո՛ւր, աղջիկս, եկուր, քեզի շաքար առնեմ։

— Ասոր համար է, որ մեզի չսեպեր ա՛։

— Խե՜ղճ աղջիկ։ Կեռաս առնեմ քեզի աղջիկս.․․

— Ա՛ռ, կը հեկեկա Հայկանուշ, գլուխը քիչ մը վերցնելով։