Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/414

Այս էջը սրբագրված է

ԵՐԱԶԱՀԱՆ

(Եփրատեն մնացած)

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 26—ին (№ 141) և հունիսի 2—ին, 9—ին (№ 142, 145)։

1. Պոլսի բազմաթիվ խաներից էր Քոմիսիոն խանը, ուր կատարվում էին առևտրական և դրամական զանազան գործարքներ։

2. Ակնարկում է Խաս գյուղի թիվ 6 շոգենավի անկանոն երթևեկությունը։

3. Պարոնյանը այս տողերով «Մամուլ» երգիծական հանդեսը պարզապես նույնացրել է մի ոմն խենթ (տելի) ճորճիի հետ:

4. «Պալտըրը չըպլախի» (դատարկապորտ) և Կ. Փանոսյանի «Մանզումեի էֆքյարի» զուգադրությամբ ցույց է տրված վերջինիս բովանդակազրկությունը։

5. «...Թոփ նետելով...» — Ոճ է. այսինքն սնանկանալով։

6. Ակնարկը վերաբերում է ազգային երեսփոխան Թադևոս Պեկյանի շատախոսությանը, որը իբրև բնորոշ հատկանիշ Պարոնյանը նշել է «Ազգային ջոջերի» մեջ ես Պեկյանին նվիրված դիմանկարում։

7. Խառն ժողովի (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնաբույժն Արևելյան», ծանոթ, № 7) հիշատակմամբ Հեղինակը ցանկացել է ընդգծել նրա նիստերի անկանոնությունը, որոշումների հաճախակի փոփոխումներն ու հակասությունները։

8. Անհատնում կծիկի (յումախ) է նմանեցված Կ․ Փանոսյանի «Դպրոցների բարեկարգում» (Մեքթեպճե իսլահաթ) վերնագրով հոդվածաշարի ձգձգվածությունը:

9. Կ. Փանոսյանի իր անվամբ՝ 1871 թվականին հիմնադրած արական վարժարանը, որը գոյությունը պահպանել է ընդամենը երկու տարի։


ԱՆՈՒՇԻ ԿՌԻՎ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի մայիսի 26—ին (№ 141)։

1․ «Յաաաաաա՜ա, վա՜յ պաշըմըզա, պիր դարըյա սեոզ մերամ աննաթամյորուզ հե՜» — Յաաաաա՜ա, վա՜յ մեր գլխուն, մի կնոջ էլ խոսք չենք կարողանում հասկացնել, հե։


ՊԶՏԻԿ ԹԱՏՐԵՐԳՈԻԹՅՈՒՆ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հունիսի 20—ին (№ 148)։

1. Թատերգության հերոսները կենդանի մարդիկ են. բովանդակությունը քաղված է ժամանակի իրական դեպքերից։ Ամբրոսիոս վարդապետ Իսկենտերյանը ապօրինի կերպով կապվել է իր եղբոր՝ Պողոսի կնոջ հետ։ Հակառակ եղբոր հարուցած դատին ու հասարակական կարծիքին, Ամբրոսիոս վարդապետը հովանավորվել է եկեղեցու կողմից, չենթարկվելով պատասխանատվության. ավելին, նշանակվել է Բերայի Ս. Հարություն եկեղեցու քարոզիչ, այս առթիվ Հ. Պարոնյանը «Թատրոնի» 1874 թվականի մայիսի 1—ի № 8—ում հրատարակել է «Ամբրոսիոս վարդապետ» վերնագրով մի հոդված, ուր Ամբրոսիոս վարդապետին համահավասար անարգանքի է ենթարկել նաև ազգային վերադաս մարմիններին։