Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/47

Այս էջը սրբագրված է

ՕՐՎԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԵՎ ՍԿԶԲՈԻՆՔԸ

Շերամի որդը ամեն քնանալուն շապիկ կը փոխե անանկ կարթննա, Հայերն ալ ամեն քնանալնուն սկզբունքնին կը փոխեն անանկ կ՚արթննան, միայն սա տարբերությամբ, որ շերամի որդը ութ օր անգամ մը կը քնանա և իր քունն ալ ընդհանրապես ութ օր, ութ գիշեր կը տևե, հայերը տասերկու ժամին անգամ մը կը քնանան և իրենց քունը ընդհանրապես տասերկու ժամ կը տևե։

Այս հաշվով մեկը քանի անգամ որ քնացած և արթնցած Է, այնքան ալ սկզբունք ունեցած Է, և դեռ քանի անգամ որ քնանա և արթննա այնքան ալ սկզբունք պիտի ունենա, ըսել կըլլա, որ սկզբունքի կողմե մեր ազգեն հարուստ ազգ չկա։

Ավելորդ է ըսել, որ մեր ազգին ամեն անհատին սկզբունքին թիվը իր հասակեն և կամ քիչ կամ շատ քնանալեն կախում ունի, տղաքներն քիչ սկզբունք պիտի ունենային, եթե շարունակ չքնանային և չարթննային, Մասիսն ալ սկզբունք պիտի ունենար եթե Եպիմենիդեսի պես երկար ատեն չքնանախ, Մանզումեն ալ ամենևին սկզբունք պիտի չունենար եթե արթուն կենար։

Զարմանալու չենք, ուրեմն եթե տեսնենք մեկը, որ լուսավորյալ կը պառկի և խավարյալ կարթննա, ժողովրդական կը պառկի և ազնվապետական կարթննա (Մանզումեի համար չէ խոսքերնիս) գրական կը քնանա և երևակայական կարթննա, զարմանալու չենք վասնզի սկզբունքը մեր մեջ մոտայի տեղ է անցեր։

Այս օրվան սկզբունքը կըսե, որ «Մի հարվածեր այնպիսի անձ մը, որ կը գործե աղեկ կամ գեշ. կամ եթե կուզես հարվածել, դուն ալ անոր պես և անոր չափ գործելու ես աղեկ կամ գեշ, ապա թե ոչ քու տված հարկածդ ազգասպանությունն է»։

Ի հաստատություն մեր այս ըսածին, քանի մը դեպքեր պատմենք։

Ընդհանուր ժողովին ցավալի վիճակն տեսնելով կսկսիս երեսփոխանները բամբասել, մեկը կելնե առջևդ և կըսե։