— Կուզե՞ս որ երևելի փիլիսոփաներուն լուծել չկրցած խնդիրներն ժամու մը մեջ լուծես.
— Օրագիր եղի՛ր:
— Կուզե՞ս որ խիղճ չունենաս.
— Քար եղի՛ր, Մասիս եղի՛ր.
— Կուզե՞ս որ լսածդ իսկույն ուրիշ մը զրուցես.
— Կնիկ եղի՛ր:
— Կուզե՞ս անմեղ ըլլալ.
— Մանուկ եղի՛ր:
— Կուզե՞ս հուսահատ ըլլալ.
— Ծեր եղի՛ր։
— Կուզե՞ս տնտեսագետ ըլլալ.
— Ագահ եղի՞ր։
— Կուզե՞ս ազգին ծառայել.
— Ազգին բեռ եղի՛ր։
— Կուզե՞ս որ սիվիլճիկը շիրի բենչե ընես.
— Քաղաքական ժողով եղի՛ր:
— Կուզե՞ս երեսփոխաններուն խաղալիք ըլլալ.
— Վերաքննելի սահմանադրություն եղի՛ր.
— Կուզե՞ս որ հիմա փառավորվիս և ապագային անեծք ընդունիս.
— Մանզումե եղի՛ր:
— Կուզե՞ս որ հիմա նախատվիս և ապագային պսակվիս.
— Ճշմարիտ լուսով ազգիդ ու մարդկության համար աշխատող եղի՛ր։
— Կուզե՞ս որ ամուսինդ դուն ընտրես.
— Աղջիկ եղի՛ր։
— Կուզե՞ս որ առնելիք ամուսնույդ վարքն ու բարքը սովրիս.
— Ճամբով մը ապառնի ամուսինդ տուն նետելու նայե (տե՛ս օրագիր):
⁂
— Կուզե՜ս այս աշխարհիս վրա խաղաղ կյանք վարել.
— Անհոգ եղիր։
— Կուզե՞ս աշխարհ չեկածի պես ըլլալ.
— Խենդ եղիր:
— Կուզե՞ս որ պաշտոնիդ մեջ մնաս ի մահ.
— Թաղական եղիր: