Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/55

Այս էջը սրբագրված է

է, պատասխան տո՛ւր, ասիկա անկարգություն չէ՞ — ինչու անկարգություն պիտի ըլլա, աղջկանց ազատություն է, ազատություն...


Ո՛վ է սա պատանին, որ վաթսունամյա ծերունիի մը կոկորդը սեղմելովն մահ կսպառնա խեղճին — ատ ծերունիին տղան է, որ քույրը գիշեր ատեն հեռու տեղ մը պտըտցնել տանելու համար հորմեն հավանություն չկրնալ առնելուն վրա հայրը կը ծեծե և կուզե մեռցնել — բայց ի՞նչ անզգամություն և բարբարոսություն է ասիկա, ո՞ւր տեսնված բան է աս, անբարոյականությունը որ աստիճան հասեր է մեր մեջ — անբարոյականություն չէ աս, սխալ հասկցեր եք, ընտանյաց ազատություն է, ազատություն...


Ո՞վ է սա քառասնամյա մարդը, որ գլուխը պատուհանեն դուրս հաներ և կոկորդը պատռելով «Ո՞ւր է կինս», — կը պոռա. — ասիկա գործավոր մեկն է, իրիկունը տուն է մտեր, կինը հոն չէ գտեր, մինչև ժամը վեցը սպասեր և հույսն ի դերև է ելեր, ուստի բարկութենեն ու հետաքրքրութենեն կինը կը փնտրե. կինն ալ ըսես նե իր մեկ բարեկամին հետ գլուխ գլխի տված զբոսարանի մը մեջ ինքզինք մոռցած կը խոսի ու կը խոսի, մարդը բան, գործ չունի նե թող պոռա ու պոռչտա — է՛յ, ասիկա անգթություն չէ՞, անգթություն ըսի, սխալեցա, լրբություն չէ՞ — ինչու լրբություն պիտի ըլլա, սիրելու ազատություն է, ազատություն...

Թե որ ազգը այսչափ ազատությունով ալ մարդ չըլլա ուրիշ ազգերը բնավ մարդ ըլլալիք չունին...։