Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/131

Այս էջը սրբագրված է

— Ես տեր Երեմյային կերթամ կըսեմ, որ մեծ պահքը քանի մը օր երկարաձգեմ.


Դրամի չգոյությունը սկսավ կամաց կամաց չափեն ավելի զգալի ըլլալ։

Ամեն մարդ փոխառություն ընելու համար բարեկամին կը դիմե, բայց բարեկամը չկրնար գտնել, որովհետև ան ալ իր բարեկամին գացեր է փոխառություն ընելու։

Հիմակու հիմա ամենուս հույսը փոխառության վրա է, Աստված վերջերնիս բարի ընե։

Մեղուն ալ, եթե բաժանորդներեն չկարենա ստակ հավաքել, միտք ունի փոխառություն մը ընելու, և այդ փոխառությունն ալ ոչ թե իրեն համար պիտի ընե, այլ խեղճ մեկու մը համար, որ եկավ այս օրերս մեր օգնությունը խնդրելու։ Ավելորդ չենք համարիր ըսել, որ այս մարդը անցյալները Մանզումեին գացող մարդն է։ Գիտենք, որ լրագիրը ոմանք չպիտի հավատան ասոր և պիտի կարծեն, թե մեզի համար կուզենք կոր ստակ հավաքել։ Թո՛ղ կարծեն, մեղքը ճիտերնին։

Մենք անանկներուն ըսելիք չունինք։

Իսկ մեր ունեցած դրամի նեղությունը թեթևցնելու համար, պիտի պարտավորինք, որ մեր քովն ստակը առատ ընենք, և աս ալ ուրիշ կերպով չըլլար, եթե ոչ մեր քովը գտնված դրամներուն արժեքը ավելցնել, տասնոցը քառասուն փարայի տեղ և քառասուն փարան ալ չորս ղուրուշի տեղ տալ։

Թո՛ղ ուրիշներն ալ մեր օրինակին հետևին, ստակնին շատցունեն և պարտքերնին տան։

Արդեն քանի մը ատենե ի վեր այս կերպով կը վճարվին կոր պարտքերը։ Դրամին արժեքը ավելցնելը պարտքը զեղջել ըսել է...


— Եղբա՛յր, դուն գրագրությո՞ւն կընես կոր եղեր։

— Այո՛։

— Դուն առաջ խոհարար էիր նե։

— Այո՛, խոհարար էի, բայց օր մը աղեկ կերակուր եփեր էի, տերս հավնեցավ, խոհարարութենե հանեց՝ սենյակը տարավ, ամսականս ավելցուց գրագիր ըրավ։

— Կրնա՞ս կոր ընել։