Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

— Չեմ կրնար կոր, առջի օրը սխալմունք մը ըրի և կարծեմ ճանբա պիտի տան...

Հանցանքը խեղճին չէ, այլ տիրոջը, կերակուրին հավնեցավ նե՝ թո՛ղ խոհանոցի պետ ըներ և ամսականն ավելցներ ու հիմա ալ չճամբեր...

Ասանկ անհարմար պաշտոնաբաշխությունները նոր չեն, հիներուն մեջ ալ կտեսնենք։

Նաբոլգոդոնոսոր երազ մը կր տեսնե. Դանիել այս երազը կը մեկնե․ Նաբուգոդոնոսոր զինքը իրեն երկրորդը կը կարգե:

Նաբուգոդոնոսորին տեղը ես ըլլայի նե՝ Դանիելը երազագետ կանվանեի։


Այս օրերս հույնք Սկյուտարու զերեզմահատան մեջ իրենց ասկից առաջ գրաված տեղեն անդին անցնիլ սկսեր են։

Կարծես թե ասոնք երբեմն դիտմամբ կը մեռնին կոր, մեր գերեզմանատան մեջ թաղվելու և մեզի հետ կռիվ հանելու համար։

Ի՞նչ ըսել է ասիկա, մենք մեռնինք նե՝ ո՞ւր պիտի թաղվինք։ Ինչո՞ւ համար մեր գերեզմանը կը հափշտակեն, թո՛ղ իրենց տեղովը բավականանան։ Թե որ տեղերնին քիչ կուգա կոր նե՝ տեղերնո՛ւն ընդարձակությանը համեմատորեն մեռնին ըստ տաճկական, առածին, թե «Յորկանընա կեորե ուզաթ այաղընը»։

Թե որ այս առածին շեն ուզեր հետևիլ և իրենց վիճակեն գոհ ըլլալ, տերութենեն ընդարձակ տեղ մը ուզեն և ուղածնուն չափ մեռնին, ուրիշի մեռնելու ինչպես նաև ծնանելու իրավունքին վրա ենք բռնանար մենք։

Այս տողերը որին ուշադրությանը ներկայացնել պետք է նե՝ անոր ուշադրությունը կը հրավիրենք, որպեսզի մեր ապագա մեռելոց իրավունքը հիմակվնե պաշտպանված ըլլա։


— Հոս ի՞նչ բան ունիս, դուն դուրսերը դեղագործություն կնեիր կոր։

— Կընեի կոր, իրավ է. քննելու համար հոս կանչեցին, քննեցին բայց վկայագիր չտվին, դեղագործություն չես կրնար ընել ըսին, մինչդեռ շատ աղեկ կրնայի կոր ընել։