Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/133

Այս էջը սրբագրված է

— Վկայագիրի ինչ կը նայիս, դուն դարձյալ ըրե՛։

— Առանց վկայագրի չըլլար։

— Դեղագործություն ըրած ժամանակդ ուրիշն մը վկայագիր մը կուզես, գործդ տեսնելեն վերջը կուտաս։

— Չըլլար։

— Էյ, հիմա ի՞նչ գործ պիտի ընես։

— Կը մտմտամ կոր, կուզեմ, որ դեղագործության մոտ արվեստի մը ձեռք զարնեմ։

— Դեղագործությանդ ատեն սխալմամբ քանի մարդ մեռուցիր։

— Չհամրեցի ամա, քսանի չափ ըլլալու է։

— Անանկ է նե՝ լեռը գնա՝, մարդ սպանե, թե որ առջի արվեստիդ հարմար արվեստ մը կհուզես։


— Բարեկամ, սա օղին քիչ խմես նե՝ չը՞լլար:

— Կը կարծես, թե ուզելո՞վ կը խմեմ կոր, ես ալ չեմ ուզեր խմել, բայց կը խմեմ կոր։

— Ի՞նչ կա։

— Հիվանդնիս, որ երեկ աղեկ էր, այսօր դարձյալ գեշցեր է, տուն գացի զինք այն վիճակի մեջ տեսա նե երթամ քանի մը հատ խմեմ ըսի։

— Էյ, եքեկ ինչ ո՞ւ համար կը խմեիր կոր։

— Երեկ ալ հիվանդնիս աղեկ է տեյի կը խմեի կոր:

— Էյ, ի՞նչ եղավ ասկից, հիվանդդ աղեկ կ՝ըլլա կը խմես, գեշ կ՝ըլլա՝ դարձյալ կը խմես, ի՞նչպես ըլլալու է հիվանդդ, որ չխմես։

— Ոչ աղեկ ըլլալու է, ոչ ալ գեշ։


— Բարեկամ, այս բալթոյիդ խումաշը ուսկի՞ց առիր:

— Ինչո՞ւ։

— Կեսը սև է, կեսը ճերմկցեր է։

— Ներկել տվեր էի և վրձինով քանի վրան քսելու ըլլամ նե՝ ներկը վրձինին վրան կելնե կոր և բալթոն կը ճերմկնա կոր։

— Անանկ է նե՝ վրձինը քիչ մալ քսե ու բալթոյիդ տեղ վրձինը հագիր։