Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/135

Այս էջը սրբագրված է

— Աղքատ եմ, տասը փարա չունիմ։

— Չունիս նե՝ ետ դարձիր։

— Թո՛ղ տվեք, կաղաչեմ։

— Տասը փարա տալու ես, որ կամուրջեն անցնիս։

— Կամուրջին մինչև կեսը կերթամ, ասոր ալ ըսելիք մը ունի՞ս կըսե մարդը և կծիկը դնելով օձիքը կազատե կը փախչի:

Իրավունք ունի մարդը, քանի որ տասը փարայի կամուրջին մեկ ծայրեն մյուս ծայրը կրնա երթալ մեկը, արիջ մալ իրավունք ունի հինգ փարայով կամուրջին մինչև կեսը երթալու։


Տիգրանյան հրաշագործ Մկրտիչ եպիսկոպոսը Մշո կողմերը քահանայության գործարան բացեր է, դեմը ելնողը քահանա կը ձեռնադրե եղեր։

Ա՛լ հոս և ուրիշ տեղեր քահանա ձեռնադրելու հարկ չմնաց, քահանա պետք ըլլա նե՝ անկից բերել կուտանք։ Միայն կը վախցրվի։ որ քիչ ժամանակեն Մշո մեջ աշխարհական չմնա և ստիպվինք ասկից աշխարհական ղրկել հոն։


Մարդուն մեկը անցյալ շաբթու քսանի չափ աթոռ շինել կուտա մեկուն, բայց զանոնք շատ բարձր գտնելուն կորոշե ատոնց ոտքերը քիչ մը կտրել տալու։ Շինողը առանց ստակի չուզեր կտրել որով մարդը կստիպվի ուրիշի մը դիմելու։

— Սըվոնց ոտքերը քանիի՞ կը կտրես։

— Վաթսուն ղուրուշի։

— Վաթսուն ղուրուշ մի՞, քսան ղուրուշ կուտամ, աթոռները շըմենտըֆերով էտիրնե կը ղրկեմ, մինչև որ էտիրնե երթան նե՝ ոտքերնին կը կտրի, կը լմննա կերթա։

— Էյ, աթոռները հո՞ն պիտի մնան։

— Չէ, նորեն հոս բերել պիտի տամ։

— Անանկ է նե՝ նայե, որ չըմենտրֆերով բերել չտաս, որովհետև ասկից ղրկած ատենդ արդեն քիչ մը պիտի կտրին, հոս բերած ատենդ ալ հարկավ քիչ մը կը կտրին, վերջեն անգին բան չմնար։

Այս է եղեր պատճառը, որ ասկից էտիրնե գացոդները էտիրնե կը մնան կոր ու Պոլիս եկողներն ալ կը վախնան կոր ետ գառնալու։