⁂
Բժշկին մեկը աս օրերս սենյակը քաշված՝ լրագրի մր մեջ կը կարդար, որ «Մորոզա անուն կին մը փոթորիկի ատեն պատուհանը նստած ատեն պատուհանը կայծակեն կը զարնվի։ Կինը սաստիկ ցնցում մը կ՛զգա և անմիջապես պատուհանին մեջ դրված ծաղկին պատկերը սրունքին վրա կելնե և նույն պատկերը սրունքին վրա կը մնա մինչև ցմահ»։
Բժիշկը այս կարդացած ատեն հանկարծ դուռը կը զարնվի և տունե մը հիվանդի կը կանչվի։ Բժիշկը կերթա։ Հիվանդը ծաղկի հիվանդութենե բռնված էր։
Բժիշկը պետք եղած դեղագիրը տալեն ետքը հիվանդին քովը գտնվողները կը հարցնեն իրեն․
— Մյուսյու տոքտոր, ինչե՞ն կուգա այս հիվանդությունը։
— Այս օրերս փոթորիկի ատեն աղջիկնիդ պատուհանին առջև նստա՞վ մի։
— Չէ։
— Պատուհանին առջև նստած ատեն պատուհանին մեջ ծաղիկ չկա՞ր։
— Չկար.
— Պատուհանը կայծակե չզարնվեցա՞վ մի։
— Ամենևին։
— Անանկ է նե՝ աղջիկնիդ ծաղիկ հանած չէ, կըսե ու կերթա։
⁂
Հայրենիքի մեջ կը կարդանք, որ Պաթումի ազգայինը եկեղեցիի մը շինության ձեռնարկած ըլլալով՝ տեղվույն կառավարությունը եկեղեցին կոխեր է։
Կը կոխե յա՛, տեղվույն կառավարութենեն հրաման չառած Աստուծո աղոթել ի՞նչ ըսել պիտի ըլլա.․․
⁂
— Հայրիկ, թատրոնի մը մեջ կատակերգություն մը ներկայացված ժամանակը հանդիսականը խնդան նե՝ ի՞նչ ըսել է։
— Դերասանները ծափահարել ըսել է։
— Էյ, ողբերգություն մը ներկայացված ժամանակը դերասանները խնդան նե՝ ան ի՞նչ ըսել է։