Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/143

Այս էջը սրբագրված է

— Անցած ըլլա, բարեկամ, ատ ի՞նչ է, ինչո՞ւ ոտքերնիդ կտրել տվեր եք։

— Չիմացա՞ք, հինգ ամսո չափ ինչե՜ր քաշեցի, վերջապես շատ մը բժշկաց վկայությամբ ոտքս կտրել տվի, որ ազատեցա։ Բայց այս ոտքն ինձի շատ սուղի նստեցավ։ Գիտե՞ք, ճիշտ 5000 ղուրուշս գնաց։

— Ի՞նչ կըսեք, 5000 ղուրո՜ւշ, ըսել է, որ եթե երկու ոտքերնիդ ալ կտրել տայիք, 10000 ղուրուշի պիտի ըլլար ձեզի, շիտակը՝ շա՜տ ստակ։


— Հայրիկ, գիշերներն ինչո՞ւ համար արև չըլլար։

— Անոր համար, որ ան ալ մեզի պես ցերեկը հոգնելով, գիշերն ալ կը քնանա։


— Ի՞նչ է երջանկությունը։

— Այնպիսի բան մտորուն ամեն մարդ կը ցանկա, և զոր ունեցողը բնավ զանի չունենալ կը կարծե։


— Ի՞նչ է հույսը։

— Դժբախտ՝ բայց դեռ կյանքե չձանձրացողներու միակ ապավենը։


— Ի՞նչ է ճեմիշը։

— Մանզումեի բարեկարգությանց կեդրոնը և քաղաքական ժո․․․

— Է՜յ... կը բավե՛. հասկցա։