Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/15

Այս էջը սրբագրված է

Պատրիարքի, քանի մը եպիսկոպոսաց, վարդապետաց, քահանայիր, սարկավագաց, դպրաց, երեսփոխանաց ու հարյուրավոր ժողովրդյան խաչահանգիստը կը ծաղրե։

Մանզումե ալ այնչափ քրիստոնեությունը և մանավանդ մեր եկեղեցին կը սիրե, որ ամուսնությունը իբր եկեղեցվո խորհուրդ չընդունիր։

Օրագիր բողոքականության միտում ցույց կուտա, Մասիս պապականության, Մանզումե ալ չգիտեմ որ կրոնին, պետք չէ մոռնալ, թե այս վերջինը Լուսավորչյան ընկերության կարապետն էր ատենոք։

Սակայն այս երից խմբագրաց նկատմամբ հասարակության մեջ պտըտած զրույցները իրավամբ մեր դարմանքր կը շարժե։

Կըսվի թե Օրագրո խմբագիր Օգսեն էֆենտին յուր վերջին թերթերուն մեջ հրատարակած ավետարանական հոդվածոց համար միսիոնարության պաշտոն ստացեր է Պորտի ընկերութենեն։

Մասիս ալ վարդապետ պիտի ըլլա կըսենք անշուշտ պապական վարդապետ մը: Մանզումե ալ Չիլինկիրյանի ետևեն գացող հասարակության Պատրիարք պիտի ըլլա կըսվի։

Ո՞վ գիտե, թե այս հոգվով սրբով լցված մարդիկը — ո՜հ մեղա, այս սուրբեըը պիտի ըսեի — ի՜նշ հրաշքներ պիտի գործեն աշխարհի վրա։


Քա Մարիցա հանըմ, չըսես, որ իրարու առկոցառակ բաներ ըսող ղազեթաճիները հաշտություն ըրեր են։

— Սոֆիկ հանըմ, քուրուկս, մեծերուն խոսքը գետին չիյնար, իմ ողորմած հոգի հայրս կըսեր քի «Այս աշխարքը կարդացոդներեն շինվեր է, կարդացողներուն ալ ձեռքովը պիտի փլի»։

Ընթերցո՛ղ, կը կարդա՞ս երբեմն Ասիա անուն թերթը, եթե կը կարդաս անշուշտ մեզ նման դու ալ կը հիանաս, կսքանչանաս անոր պարունակած ընտիր ընտիր հոդվածներուն վրա։

Սակայն վերջին օրերս այս թերթս մեծ ու աններելի անգթություն մը ըրավ։ Մեր ազգը, որու գլխեն ծանր հարվածներ պակաս չեն, նոր ու անդարմանելի հարված մը կընդունի Ասիայեն:

Ասիա շաբաթն անգամ մը հրատարակվիլ որոշեր է, մինչդեռ առաջ երկու անգամ հրատարակելու միտք ունեցած է եղեր, ո՜հ արդարև այս որոշումը Կալիփսոյի նման անմխիթար կը թողու զմեզ։