— Ի՞նչ է փաստաբանը։
— Դատավոր մը, որ միայն մեկ կողմը մտիկ կընե։
⁂
— Նավու մը մեջ հրդեհ պատահիլ ի՞նչ ըսել է։
— Բոցերու մեջ ջրհեղեղ։
⁂
— Ինչո՞ւ համար բողոքականները Սկյուտարու սուրբ Խաչ թաղին մեջ դպրոց կը բանան։
— Քիչվոր ըլլալնուն համար կը վախնան արքայություն երթալու և կաշխատին հայերը իրենց հետ առնելու, որ շատվոր ըլլան և այնպես երթան։
⁂
— Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամներեն հայր Անտոն Թարգմանյան վարդապետին այս օրերս Հայաստանյայց եկեղեցվո գիրկը դիմելեն ի՞նչ կը հասկնաս։
— Սա կը հասկնամ, որ հիշյալ վարդապետը գործնական դաս մը կուտա «Միություն, միություն» պոռացող կաթոլիկ ազգայնոց, ըսելով, թե կան բաներ, որ խոսելով կըլլան, կան ալ որ գործելով, և թե գործել պետք եղած ատեն խոսիլը գործել չուզելուն առաջին նշանն է։
⁂
— Ի՞նչ է կրոնքը։
— Արքայություն բանող շոգենավ մը։
⁂
— Ի՞նչ է քսակահատ մը։
— Դրամի մ հնավաճառության պաշտոնյա մը, որու վրա որ ստակ գտնա նե՝ գրավել կուզե։
⁂
— Իրավունք ըսելով ի՞նչ կիմանաս։
— Իրավունք ըսելով կիմանամ անուշեղեն մը, զոր ամեն մարդ