Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/232

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կուզեիր, քսան փարայի մեջեն էնտեբանտանս Պելժը կուզեիր գտնալ։


— Եղբայր, այս բժշկական ժողովին անդամներն ո՞ւր են, ի՞նչ կընեն, չեն տեսնար կոր։

— Ի՞նչ կա։

— Ի՞նչ պիտի ըլլա, Բերայի մեծ փողոցը շինող գործավորներն առտվնե մինչև իրիկուն քարերու վրա կը պառկին կը քնանան կոր, խեղճերը պաղ չե՞ն առներ, բժշկական ժողովը ասոնց նայելու չէ՞։

— Իրավ ըսիր, խեղճերուն մեյմեկ անկողին տալու է, որ մեջը մտնան պառկին ու քնանան։


— Ի՞նչ կը մտմտաս կոր Մինաս աղա։

— Ի՞նչ պիտի մտմտամ, զավակ չունի՞ս, վիշտ ունիս։

— Աղջիկդ երիտասարդի մը հետ փախա՞վ, ի՞նչ ըրավ։

— Ուր էր թե անանկ ըլլար։

— Ի՞նչ եղավ ուրեմն։

— Առջի օրը տախտակները սրբած ատեն ոտքը ցավցուցեր է. երեկ խըրըխնի մը տարի որ նայի․ աս ալ շինեմ ըսելով աղջիկին ոտքը չկոտրե մի։

— Ոտքդ պագնեմ սա խըրըխճին մեր տունը ղրկեիր, որ քիչ մալ իմ կնոջս ոտքը նայեր, որովհետև բնավ տունը նստած չունի թշվառականը։


— Բյուֆ... բյուֆ... ի՞նչ է աս մյուսյու Քարլո, այս նապաստակը հոտած էր, ե՞րբ զարկիր։

— Տե՛ր ողորմյա, երեկ գիշեր զարկի։

— Երեկ գիշերվան զարնվող նապաստակը կը հոտի՞։

— Ինչե՞ն գիտես, որ զարնվելեն առաջ չէր հոտեր կոր։

— Դուն ալ ինչո՞ւ չհոտվտած կը զարնես կոր։

Ժամ մը ետքը դուռը կը զարնվի։

— Մյուսյու Քարլոն հո՞ս է։

— Ի՞նչ կա։

— Վարպետս բարև ըրավ, ըսավ, որ վերեսիե առուտուր չըներ ու նապաստակին ստակը կ՝ուզե մյուսյու Քարլոեն։