Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/241

Այս էջը սրբագրված է

— Այսօրվան համար եկուր, ըսած էիր, ահա եկա։

— Բարով եկար։

— Սա մեր առնելիքր կուտա՞ս։

— Վրաս ստակ չունիմ այսօր։

— Այսօրվան համար պիտի տամ, ըսիք նե։

— Այո՛, ըսի, բայց ի՞նչ ընեմ, գողերեն մարդս կը վախնա կոր վրան ստակ առնելու։


— Սիրելի էրիկս, այս գիշեր թատրոն երթա՞նք։

— Ի՞նչ ներկայացում կա եղեր։

— Օրփեոսի դժոխք իջնալը։

— Չըլլար։

— Ինչո՞ւ։

— Դժոխքին սատանաներն ընկերնիս հոս է եղեր ըսելով քեզ կառնեն կը տանին, ատոր համար։


— Բժիշկը տո՞ւնն է։

— Այո՛, հոս է։

— Զինքը տեսնալ կհուզեի, հիվանդ եմ։

— Տոքթորը զբաղած է հիմա, թարխանային հայերենը կը փնտրե կոր, հիվանդ չկրնար ընդունիլ։

— Տեր ողորմյա, տեր ողորմյա․․․ քիչ մը առաջ փաստաբան մը տեսնալու գացի, ան ալ հայերենը շինելու կ՝աշխատիր կոր։


— Խաթուն, տղադ ինչո՞ւ համար խանութ չես ղրկեր կոր քանի մը օրե ի վեր։

— Բանթալոն չունի, անոր համար տունը նստեր է։

— Բանթալոնն ի՞նչ ըրավ։

— Քույրը Սամաթիա մի սաֆիրության կերթար կոր, բանթալոնն առավ խըչլըխ ըրավ։


— Ամբակում աղա, Սարը Յա՞ր կերթաք կոր։

— Ո՞վ ըսավ։