Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/287

Այս էջը սրբագրված է

Հապա եղանակնե՞րը.․.

Ամեն գրագետ կրնա յուր անձին վրա փորձել բաղդատելով յուր ամառվան եղանակին արտադրություններն գարնան եղանակին արտադրությանը հետ։

Սկզբանց մեջ ամենեն ավելի համառ կարծվածն տարին չորս անգամ սկզբունք կը փոխե.

Գարնան սկզբունք,
Ամառվան սկզբունք,
Աշնան սկզբունք,
Ձմեռվան սկզբունք։

Եվ օր պիտի գա, հորում ամեն մարդ առանց քաշվելու պիտի՛ ըսե․

— Այս է իմ ամառվան սկզբունքս, այս է ամառվան բանթալոնս ըսելու պես։

Եվ այն օրն հեռու չէ։


Երիտասարդության սրտին մեջ ազգասիրության հուրն արծարծելու համար շատ ջանքեր եղած են ցարդ, բայց այդ ջանքերն ապարդյուն մնացած են։

Եվրոպայի լուսավորյալ ազգերն ազգասիրության հուրն արծարծելու համար իրենց զավակաց մեջ հաջողած են գտնել միջոց մորով միշտ վառ կը պահեն այդ հուրն։ Եթե մարած ըլլա իսկ քանի մը րոպեի մեջ կը հրանա։

Եվ այս միջոցն, որ մեծ ծախուց չկարոտիր, հետևյալն է.

Ընկուզի մեծությամբ չամ սաքըզի (ռետինի խեժ) առնել և մարած սիրտերու մեջ ձգել, քանի մը րոպեի մեջ այդ սիրտերն կսկսին վառիլ։

Ի հաստատություն մեր ըսածին Ամսօրյա հանդեսեն կը քաղենք հետևյալ տողերը։

«Ռետինի խեժը մի միակ միջոց է առկայծյալ հուրն արծարծելու, կես մարած ածուխն հրաշեկ ընելու, և ամեն կարգավորյալ տուն պետք է այս թեթևագին նյութն ունենալ։ Ընկուզի չափ կտոր մը եթե մարող կրակի մեջ ձգվի, քանի մը րոպեի մեջ ածուխը հրաշեկ կըլլա. ռետինի խեժը կը հալի և ածխո մեջ այնպես կը տարածվի կերթա, որ շուտ մը թոցն ու հուրը կը սաստկանամ։

Այս միջոցն եթե ոչ սրտերու գեթ Խաս-գյուղի շոգենավներու համար կրնա գործածվիլ, որոց հուրն միշտ կը մարի։