Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/311

Այս էջը սրբագրված է

— Տե՜ շո՞ւտ ըրե, կըսե ագահը հազիվ ինքզինքր կրնալոց բռնել։

— Բայց շունչ չեք առներ, ի՞նչ կընեք, վրա կը բերե դերձակը զանի դիտելով։

— Ի՞նչ կուզեիր, հանգիստ հանգիստ շունչ առնեի, որ կանգուն մը չուխա ավելի՞ երթար. կը պատասխանե ագահը, բարկացած և վստահ ձայնով մը։


Ազնվական պարոնին մեկն օր մը շատ նեղը մնացած ըլլալով, սեղանավորի մը կերթա և կըսե անոր։

— Պարոն, շատ պիտի զարմանաք, թե ինչպես զձեզ կանչելու պատիվը չունենալովս հանդերձ եկած եմ ձեզմե խնդրելու, որ հարյուր ոսկի փոխ տաք ինձ։

— Դուք ալ ավելի ևս պիտի զարմանաք, թե ինչպես զձեզ կանչելու պատիվը չունենալովս հանդերձ՝ պահանջած գումարնիդ փոխ տամ ձեզ։


Բարոյագետ մը հետևյալ կերպով բաժնած է մարդուս կյանքը․

Յուրաքանչյուր տարիք մեկ մեկ զսպանակ ունի, որ զինքը կշարժե. մարդս տասը տարեկան եղած ատեն կարկանդակով կը դրդվի, քսանի մեջ՝ սիրուհիով, երեսունի մեջ՝ զվարճությամբ, քառասունի մեջ՝ փառասիրությամբ, հիսունի մեջ՝ ագահությամբ։ Այս երկայն միջոցին մեջ իմաստության ամենափոքր ժամանակ մը կա։


Լուի ԺԵ առտու մը պալատականի մը հարցուց, թե քանի զավակ ուներ։

— Չո՞րս, տեր արքա, պատասխանեց պալատականը։

Թագավորը ցերեկն ալ երկու երեք անգամ հետը խոսելու առիթ ունենալով, դարձյալ միևնույն հարցումն ըրավ իրեն.

— Պարո՞ն Ծ... քանի՞ զավակ ունիք։

— Չո՜րս, տե՞ր արքա, ըսավ պալատականը։

Վերջապես իրիկունը խաղի ժամանակ երբ թագավորը նորեն իրեն հարցուց.

— Պարոն Ծ.... քանի՞ զավակ ունիք։