— Այսօր դուն տո՛ւր, որովհետև մանրուք չունիմ։
— Ես ալ չունիմ[1]։
⁂
— Տոքթո՛ր, դուք որ աղեկ բժիշկ մ՝եք, կը խնդրեմ, որ ըսեք ինձի, թե հարբուխ ըլլաք նե ի՞նչ կընեք։
— Կը հազամ, տիկին։
⁂
Փաստաբանի մեկը ծառա մը կը փնտրեր։ Մարդուն մեկն, որ գողությամբ բռնված ու այս փաստաբանին փաստաբանությամբն արդարացած էր, իրեն կը դիմե ու կը փափագի քովը ծառայության մտնալ։
— Ի՞նչպես կը համարձակիս իմ քովս ծառայության մտնալու համար գալ, կը հարցնե փաստաբանը։
— Ներեցե՛ք, պարոն, զիս պաշտպանելու համար դատավորներուն այնչափ աղեկ բաներ ըսիք իմ վրայոք, որ մտքես ըսի, թե շատ բարեբախտ պիտի ըլլաք զիս քովն առնելով։
⁂
Առջի օրը երկու բարեկամ Բերայի շիտակ փողոցեն անցած ատեննին, նոր շինված քարուկիր շենքի մը առջև կը կայնին։
— Ի՞նչ աղվոր շենք է սա, կ՝ըսե մին, Պոլսո մեջ մինչև հիմա ասանկ տուն մը շինված չէր, առաջին անգամ է, որ ասանկ տուն մը կը տեսնամ կոր։
— Ատանկ է, շատ աղվոր է, Բարիզ շինված ըլլալու է, կը պատասխանե մյուսը։
⁂
Մուրացկանին մեկը փառավորապես հագված մարդու մը ետեվեն վազելով․
— Ողորմեցե՛ք, պարոն, կ՝ըսե։
Մարդը կը հանե ճերմակ մեջիտիե մը կուտա։
— Ներեցե՛ք, պարոն, երեք հատ ալ տալու ըլլաք նե՝ մեծ ծառայություն մը ըրած կ՛ըլլաք, որովհետև այս գիշեր սուարե ունիմ։
- ↑ Մենք ալ դժբախտաբար մանրուք չունինք։ Ծան. հեղինակի։