Ագահին մեկը մահվան անկողնույն մեջ պառկած ըլլալով՝ քահանա մը կուգա և կարդալեն ետքը երբ խաշն իրեն համբուրել կուտա, ագահը ձեռքը խաշին ոսկիին քսելով՝
— Տասը ֆրանքի կառնեմ ես, կըսե, ու հոգին կավանգե։
⁂
— Տղադ որո՞ւ քով դրիր, քուրուկ։
— Սեղանավորի մը քով դրի։
— Ի՞նչ կընե կոր հոն։
— Բոլոր ստակները ան կը պահե, գանձապետ է։
— Ատիկա աղեկ գործ մը չէ։
— Ինչո՞ւ։
— Չիյտե՞ս, ամեն օր կը լսենք, որ այսինչ գանձապետը փախեր է, այնինչ գանձապետը փախչելու վրա է և այլն։
— Իմ տղաս վարպետին ստորագրություն տվեր է, որ փախչելու ըլլա նե՝ վարպետն ալ հետը տանի։
⁂
Պզտիկ աղջիկ մը, որ բիանո կը սորվեր, յուր ընկերներուն մեկուն հետ բիանոյի վրա կը խոսեր։
— Մարթայի րոմանսը կրնա՞ս բիանոյի վրա եղանակել, հարցուց ընկերն։
— Այո՛, շատ աղեկ կրնամ ընել։
— Ես չեմ կրնար կոր ընել, ինչու որ շատ դժվար կտորներ կան մեջը։
— Ի՛նչ անխելք ես... ինձի պես ըրե, երբ կը նայիս, որ դժվար կտորներ կան, կը հանես զանոնք, մնացածը դյուրությամբ կը նվագես։
⁂
Սարգիս աղան սիկուրթայի ընկերության հետ պայման գրած է, որ տունին մեջ ինչ որ այրելու ըլլա նե ընկերութենեն ստակն առնե։
Կնիկն առջի օրը վառարանին մեջ փայտ նետելով կ՝ըսե իրեն.
— Սիրելի էրիկս, երկու հազար ղուրուշի չափ փատ վառեցինք այս տարի, չերթա՞ս սիկուրթայի ընկերութենեն ստակն ուզելու։