⁂
Անցյալները սրբազան Պատրիարքը մեկուն կը հարցուներ։
— Գրած շրջաբերականս կարդացի՞ր։
— Չէ՛, սրբազան, դուք կարդացի՞ք։
⁂
Խեղճ գյուղացի մը դատ մը ուներ, կ՛երևի, թե իրավունք ուներ, բայց ինքզինքը չկրնալ պաշտպանելուն համար դատը կորսնցնելու վրա էր։
Բարեկամները զինքը հորդորեցին, որ վեց պարկ ցորեն բեռցնե իշու վրա և դատավորին տանի։ Գեղացին այս ըսածնին կատարեց, և դատը վաստկեցավ։
— Տեսե՜ք, կըսեր հոն եղողներեն մին, էշերը որչափ ճարտասան են։
⁂
Երեսունը անցած աղջիկ մը կ՛ըսեր․
— Երեսունի մոտենալուս համար շատ կը ցավիմ կոր։
— Հոգ մի՜ ընեք, ամեն օր անկից հեռանալու վրա եք։
⁂
Քարոզիչին մեկը անցյալները եկեղեցիի մեջ քարոզ մը կուտար, որ իրենը չէր։
Հանկարծ դրսեն շուն մը կ՛սկսի հաչել, ժամկոչը զայն վռնտելու գացած միջոցին՝ դռան առջև կայնողներեն մին ժամկոչը կը բռնե ըսելով՝
— Թո՜ղ տուր, թո՜ղ տուր, գող մտած է ատոր համար կը հաչէ կոր։
⁂
Չափաբերական ուսմանց քաջ հմուտ երկու ծանրորդ երթալիք տեղերնուն հեռավորությունը հարցունելով երբ իմացան, որ տասը Ժամու ճանբա է, էն խելարին ըսավ, — Բան մը ըսել չէ, ընկեր, մարդ գլուխ հինգական ժամ կիյնա քալելու։