Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/410

Այս էջը սրբագրված է

ԳԼ. Ե

Իմ հիշատակաց արժանի ժամանակները

Երեսուն տարեկան եղած ատենս ալ չպարել սկսա. քառասուն տարեկան՝ կանանցմե զզվեցա. հիսուն տարեկան՝ հասարակաց կարծիքներեն հրաժարեցա. վաթսուն տարեկան՝ խորհելն ետ կեցա. վերջապես կատարյալ իմաստուն և կամ անձնասեր մեղա, որն որ հոմանիշ է։


ԳԼ. Զ

Իմ բարոյական նկարագիրը

Ձիու մը պես խստերախ, պչրողի մը պես վես, տղու մը պես զվարթ, իշու մը պես ծույլ ••-ին պես գործոն էի։


ԳԼ. է

Իմ ամենակարևոր որոշումը

Անձիս ալ տեր չկրնալով ըլլալ, լեզվիս կապը քակեցի, և բարձրաձայն խորհրդածելու գեշ սովորությունը ստացա․ այսպես թեպետև կը զվարճանայի, բայց շատ թշնամիներ ունեցա։


ԳԼ. Ը

Ինչ որ եղա և ինչ որ կրնայի ըլլալ

Բարեկամության և վստահության մասին շատ աղեկ էի և եթե ոսկեդարու մեջ ծնած ըլլայի, թերևս կատարյալ բարի մարդ մը կըլլայի։


ԳԼ. Թ

Իմ հարգելի կանոնները

Ո՛չ ամուսնացա և ո՛չ ալ կնքահայր եղա, ո՛չ բժիշկ և ո՛չ ալ խոհարարի միջնորդ եղա, հետևաբար և ո՛չ մեկու մը կենաց վնասած եմ։