Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/425

Այս էջը սրբագրված է

«Թատրոնում» պարբերաբար տպագրվել են «Այլ և այլք» վերնագրով մանրապատումներ, մի մասը անստորագիր, մյուսները Ապտակ և Գ. Ո. Ղ․ ստորագրություններով, իսկ երկի շարունակությունը, որը հրատարակվել է «Լույսում», արդեն կրում է նախ Հ. Հ. Պարոնյան ստորագրությունը, ապա Քնաքնա և Արքիլիքոս:

«Թատրոնում» առանց ստորագրության լույս է տեսել մանրապատումների մի այլ շարք՝ «Սույլ» խորագրով և այն իբրև Պարոնյանի ստեղծագործություն տպագրվել է նախքան մեր հրատարակությունը, 1936 թվականին, հեղինակի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում է Մեր ուսումնասիրությունների միջոցով հաջողվեց կատարել մի քանի շահեկան ճշտումներ հօգուտ նախորդ հրատարակության։ Նախ, «Սույլերից» մեկի մեջ հեղինակը խոստանում է գրել երգիծական դիմանկարներ եվրոպացիների մոտ ընդունված ձևով։ Երգիծական այդ դիմանկարները Պարոնյանի «Ազգային ջոջերն» են, ուրեմն, ինչպես «Ջոջերի», նույնպես և «Սույլերի» հեղինակը ինքը Պարոնյանն է։ Երկրորդ, Փարիզից ստացված «Թատրոնի» հավաքածուի մեջ «Սույլերից» մեկի տակ ստորագրված է Հ. Հ. Պ. («Թատրոն», 1874, № 34), այսինքն Հ. Հ․ Պարոնյան, իսկ նույն հավաքածուի (1874, № 56) մի այլ «Սույլի» տակ՝ Ա.: Այսպիսով, հաստատվում է, որ «Սույլերի» հեղինակը անվերապահորեն Պարոնյանն է։

Հաջորդ ծածկանուններից Խիկարը նոր ապացույցների կարոտ չէ, տարիներից ի վեր հաստատված փաստ է, որ Խիկարը Պարոնյանն էլ Նույնը Ապտակողն ու Ապտակը. Պարոնյանը այս վերջինն երբեմն օգտագործում է նույնիսկ որպես երկի վերնագիր՝ «Ապտակք», որն այս հատորի նյութերից է։ Անանուն, Ով է Նե ծածկանունները ճշտված են բանասիրական որոշակի տվյալներով հատկապես նկատի ենք ունեցել լեզուն և ոճը, որոնց ինքը Պարոնյանը մեծ դեր է հատկացրել գրողին ճանաչելու համար, ըստ Պարոնյանի ոճը այն թափանցիկ ապակին է «որուն ետև գրագետը որչափ ալ պահվըտի դարձյալ չկրնար հմուտ աչքերե աներևույթ՛ մնալ»։

Մնացյալ առանձնահատկությունները երգիծանքի բազմազանությունն ու անմիջականությունն են, հորդացող, անկաշկանդ ծիծաղը, և մի շարք այլ հատկանիշներ, որոնց անդրադարձել ենք նախորդ՝ VI հատորում։

Բացի թվարկված ընդհանուր տվյալներից, Պարոնյանը ինքը ընձեռում է հնարավորություններ ընթերցողին և մանավանդ բանասերին տեսնելու և զգալու հանճարեղ երգիծաբանին սրամտության, կատակի ծանոթ մի ձևով, ակնարկների ու խոսքի հարազատությամբ։ Ավելին, երբեմն նրա երկերի այլաբանությունները, քողարկված երկդիմի ակնարկներն ու համեմատությունները վերլուծելու և հասցեագրված անձնավորությանը ճանաչելու դժվարին պահին օգնության է հասնում ինքը հեղինակը։ Այս առումով Պարոնյանի երկերը ընդհանրապես բանալի են հանդիսանում մեկը մյուսի համար, և սույն հատորում «Խայթվածքների» ծանոթագրությունները լուսաբանված են մասամբ «Ազգային ջոջերով», ուր որոշակիորեն ցույց են տրված զանազան հասարակական վեճերի, անհամաձայնությունների, անձնական վիրավորանքների դրդապատճառներն ու ակունքները, որոնք «Խայթվածքներում» ներկայացված են անուղղակի հիշատակություններով։