Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/445

Այս էջը սրբագրված է

բերի 1-ին, 4-ին, 17-ին (№ 53, 53, 67), և հաջորդ տարվա՝ 1875 թվականի հունիսի 21-ին (№ 151), հուլիսի 3-ին (№ 155)։

«Թատրոնի» վերոհիշյալ տարեթվերի հավաքածուն մեզ մոտ չկա, հատկապես մեր հրատարակության համար բերվել է Փարիզից։

«Սույլի» հրատարակությունը շարունակվել է լույս տեսնել դարձյալ «Թատրոնում» անստորագիր, 1875 թվականի օգոստոսի 23-ին (№ 161), հոկտեմբերի 4-ին (№ 167), հաջորդ տարվա՝ 1876 թվականի հունվարի 24-ին (№ 179), փետրվարի 7-ին, 15-ին (№ 181, 182), հունիսի 12-ին (№ 186), սեպտեմբերի 29-ին (№ 193), հոկտեմբերի 2-ին, 27-ին (№ 194, 201), ավարտվել է 1877 թվականի հունիսի 18-ին (№ 256)։ Այս բաժինը երկրորդ անգամ լույս է տեսել Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Պարոնյանը «թարգմանչաց դար» արտահայտությամբ իր ժամանակի խմբագիրների տգետ թարգմանությունները հակադրում է V դարի դասական թարգմանություններին։

2. «Պատասխան տուր Նիկողայե» — Այսինքն՝ պատասխանիր «Օրագիր» թերթի խմբագիր Նիկողայոս Թյուլպենտճյան։

3. Մեզ չհաջողվեց գտնել Պարոնյանի հիշատակած «Մշակի» բառացի գնահատականը Ամրիկյանի Ֆրանցի մասին, «Մշակի» կարծիքը Շիլլերի «Ավազակների», հատկապես Ամրիկյանի Ֆրանցին նվիրված, տարբեր են. Առաջին և երկրորդ ներկայացումների մեջ արժեքավորված է Ամրիկյանի խաղը, իսկ երրորդը, որը Պոլիս մեկնելու առիթով Ամրիկյանի հրաժեշտի ներկայացումն էր, քննադատ Հ. Տեր-Գրիգորյանը, ինչպես ամբողջ խմբի խաղը, նույնպես և Ամրիկյանի Ֆրանցը թույլ է համարել՝ «Ֆրանցի դերը թույլ էր» («Մշակ», 1873, նոյեմբերի 29, № 47)։

4. Հրապարակախոս, պամֆլետիստ Հ. Րոշֆորի և ազգային երեսփոխան Թ. Պեկյանի համեմատությունը կատարված է միմիայն վերջինիս առավել ոչնչացնելու համար, մի մարդու, որին հաջորդ տողերով համարում է նույնիսկ գլխից զուրկ։

5. Հիշատակված նյութը տպագրվել է «Թատրոնի» առաջին համարում (1874 թ. ապրիլի 1) և զետեղվելու է Պարոնյանի սույն ժողովածուի VIII հատորում։

6. Հեգնում է «Արշալույս Արարատյան» թերթի նյութերի ծիծաղելի բովանդակությունը։

7. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Առևտրական», ծանոթ. № 4։

8. Խոսքը Վահան վարդապետ Պարտիզակցու մասին է (տես «Խայթվածք», 1873, ծանոթ. № 55, 56)։

9. Մամբրե եպիսկոպոսը Մշո սուրբ Կարապետ վանքի վանահայրն էր, կատարած չարաշահումների, վանքապատկան եկամուտների յուրացման ու հափշտակությունների համար կանչվել է Պոլիս, Վանորեից խորհրդի քննության ներկայանալու։ Այս առթիվ Պարոնյանը հանդես է եկել սուր դիտողություններով «Խտղտումների» մեջ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Խտղտում», <12> և <15>)։

10. Հայտնի է, որ Պոլսում լույս է տեսել Ծանուցում («Իլանիե») երկլեզու պար-