Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/9

Այս էջը սրբագրված է

տարի մը չքշած լմննա նե ալ՝ լման տարի մը Պատրիարքարան երթալ գալու ստորագրություն պիտի ուզե։

Սահմանադրության վերաքննությունը գալիք տարիներուն պիտի թողուն։

Նշանված երիտասարդը վարդը ուրիշին պիտի ղրկե, փուշը իր նշանածին պիտի ղրկե։

Ստակով աղջիկ փնտրողները քիչով գոհ պիտի ըլլան ու աղջկան ծնողացը տալիքը կես առ կես պիտի բաժնեն իրենց մեջը. ստակը իրենք պիտի պահեն, աղջիկը ծնողքը պիտի պահե։

Խրիմյան Հայրիկը չվանին ծայրը բոլորովին թող պիտի տա։

Երիտասարդները հիսուն տարու պիտի կարգվին, աղջիկներն ալ երեսուն ու հինգ տարու շեղած հարս չպիտի ըլլան։

Տղայք իրենց վարժապետները վռնտելով անոնց ամսականները իրենք պիտի առնեն իրենց ծնողքեն։

Թղթավաճառները իրենց վարկերը պիտի վերցնեն լրագրապետներուն վրայեն։

Գեղ գացողները իրենց կարասյաց մեկ մասը ստակի տեղ տանտերոջը ընծա պիտի թողուն։

Թատրոններուն դերասանները հանդիսական ըլլալով՝ հանդիսականներուն խաղացած խաղերը պիտի դիտեն։

Մեկուն գործը քիչ մը հաջող երթա նե՝ ամենքը մեկեն աչքերնին անոր վրա պիտի տնկեն։