Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/127

Այս էջը սրբագրված է

ՋՈԻՐՍ ՄԻ՛ ՊՂՏՈՐԵՐ

Սամաթիո Սահակյան վարժարանը բացված օրեն իվեր, մարտ ամսու օրերուն պես մեյ մը կը բացվեր, մեյ մը կը գոցվեր, մեյ կը խնդա, մեյ մը կուլա. բայց սա մեկ երկու ամիսեն իվեր շարունակ կուլա:

Տնօրենն ալ թաշկինակ ի ձեռին առտվնե մինչև իրիկուն կը սրբեր անոր արցունքը, որ լալը չտեսնվի, սակայն անցյալ հինգշաբթի, ժամը հինգուկեսին միջոցները անանկ լացեր է, որ տնօրենը չէ կրցեր արցունքը սրբել, ուստի և սկսեր է պոռալ վարժարանին մեջ աշակերտաց առջև․

— Պարոն կառավարիչք պաշտոնդ ինչ ու չես կատարեր, ոտքի աման գողցված է վարեն:

— Տղա՞ գողցված է ըսիք:

— Ոտքի աման գողցված է ութը զույգ, ասոր պատասխանատուն դուն ես։

— Աշակերտ գողցված չէ՞ յա:

— Հեմ ալ ոտքի ամանները իրենց տեղերնուն կարգավ չեն կայնիր կոր։

— Աշակերտները կարգավ կը կայնին կոր։

— Գիրքերը պատռտած են, անոնք կազմել տաս պիտի, դպրոցը ատ վնասը տուժելու պարտական չէ։

— Ես կազմարար չեմ:

— Դպրոցին մեջի բոլոր անկարգությունները քուկին գլխուդ տակեն են. երեկ աշակերտին մեկը բասթրրմա է կերեր, անհանգիստ է եղեր. դուն ասանկ բաներու նայելու չե՞ս մի: Աս ալ մեկդի, ներս մտած ատենս ինձի գետնեն բարև տալու չե՞ս մի։

— Կը խնդրեմ պարոն տնօրեն, կիրքերնիդ զսպեցեք։

— Ի՞նչ, կիրքս զսպե՞մ մի, դուն իմին կիրքիս ի՞նչ կը խառնվիս։