Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/144

Այս էջը սրբագրված է

նոնցմե ի վնաս իրեն և ի նպաստ յուր հակառակորդացը հոդվածներ առնելով՝ լրագրական ասպարեզը լրբությամբ կը պղծե։

Որու հետ, որ վիճաբանության բռնվի շուտով յուր ականջները ցույց կուտա։

Ժամանակավ Մանզումեի հետ վիճաբանած ատեն, Մանզումեն ձգեց և բասթըրմայի վրա հարձակվեցավ։ Մասիսի հետ վեճի բռնվեցավ և անոր բալթոյին վրա հարձակվեցավ։ Օրագրի դեմ խոսիլ ուզեց և օղիի տակառներուն վրա քալեց։ Մեր գրածներու դեմ չկրնալով հարձակիլ, էտիրնեի քաշերին հետ կը կռվի։

Տեսակը անհայտ եղող այս էակը՝ ինչպես որ Մանզումեի, Օրագրի, Մասիսի և շատերուն պատվույն դեմ հարձակելով խայտառակությունը իրեն և փառքն ու պատիվը իր թշնամյաց թողուց, այնպես ալ հիմա զմեզ արատավորելու հիմարությամբ անլուր հայհոյություններ կը տեղա մեր վրա և զմեզ կը փառավորե։

Ի ծննդենե մինչև այսօր խոսքերու սովի մեջ ապրող Այվազը իրեն ականջները քաշելնուս համար կը պոռա, թե ուրիշի պարտք ունինք և թե անոր համար խմբագիր տնօրեն Այվազին ականջները քաշող ստորագրեր ենք։

Մարգարեություն ալ ունիս ո՜վ Բաղաամոլ ոտքը վիրավորողն եթե Այվազի ականջները քաշելը ուրիշի պարտք ունենալ կենթադրե, ապա Այվազին վրա նստիլը սնանկանալ պիտի ենթադրե։ Եվ արդյոք Բաղաամն ալ իր պարտատերներուն ձեռքեն խալըսելու՞ համար էր որ կռնակդ առած կը տանեիր։

Աքաղաղին ձայնին չհավնող Լաֆոնթենի հիշած մեր գեղգեղաձայն Այվազը կըսե, թե «Մամուլ հասարակութենե ընդունելություն գտնելուն համար Մեղու նախանձեր է»։

Եթե ծաղկի հիվանդութենե նոր ելած աղջիկ մը ըսելու ըլլար «Երիտասարդները զիս սիրելուն համար մյուս աղջիկները կը նախանձին» ճիշտ Մամուլին այս ըսածին պիտի նմաներ։

Կրնա ըլլալ, որ Այվազն ալ իր Մեկենասը ունենա, իր պաշտողը ունենա, զարմանալու չէ, միթե հին եգիպտացիք Ապիսը չէի՞ն պաշտեր։

Հայերը լրագրական մասին մեծավ մասամբ խիստ մոլորած են. իրենց ճշմարիտ Աստվածը՝ Արևելյան Մամուլը մոռցեր՝ Այվազին Մամուլը կը պաշտեն։

Մամուլը լրագրական դիցազնության Ապիսն է այսօր, Բագոսն է միշտ և քիչ ժամանակեն Մորփեոսը պիտի ըլլա և իր ընթերցողները պիտի քնացնե։